Մանսուր Հաղիղաթփուր. Իրանի ազգային շահերն Ադրբեջանի հետ կապ չունեն
«Իրանի համար Ադրբեջանի փոխարեն Հյուսիս-հարավ միջանցքը կապող երկիրը կարող է Հայաստանը դառնալ»,-իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Արդաբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկման շուրջ Բաքվում բարձրացված աղմուկին և ադրբեջանցի պատգամավորների կողմից Իրանի հասցեին հնչած վիրավորական հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Երբ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրեց վիզային ռեժիմը, ինչո՞ւ Ադրբեջանը նույն քայլը չկատարեց և ներկայում էլ ցանկություն չունի դա անելու»:
Շարունակելով խոսքը Մանսուր Հաղիղաթփուրը հավելել է. «Երբ որ Ադրբեջանն Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ բարեկամական կապեր է հաստատում, այդ ժամանակ ինչո՞ւ Ադրբեջանում ոչ ոք ձայն չի բարձրացնում, իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ միջանցքի ձևավորմանը, ապա մենք այդ հարցում որևէ մտահոգություն չունենք: Հայաստանն այդ կարևոր ուղիներից մեկն է և այն կարող է Հյուսիս-հարավ միջանցքը կապող երկիրը դառնալ»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում արձագանքել են ադրբեջանցի պատգամավորների և փորձագետների «հարձակումներին»
- Իրանական կայք. Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը