Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ աղբյուրի, Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Ըստ Մշակույթի նախարարության տեղեկանքի, Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին, Երևանում: Դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ:
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 1944 թվականին, հրավիրվել է Ռադիոյի ժողնվագարանների անսամբլ (հետագայում՝ Արամ Մերանգուլյանի անվան), որը դարձավ նրա ստեղծագործական կատարելագործման և թռիչքի դարբնոցը:
Օֆելյա Համբարձումյանի երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Հայ երգարվեստի մի ողջ դարաշրջանի կրողն ու մարմնավորումը համարվող երգչուհին նոր խոսք, ժողովրդական երգեցողության նոր որակներ բերեց իր հետ, հիրավի, անգերազանցելի կատարումներով մշտապես հիացնելով հանդիսատեսին, տասնյակ հազարավոր մարդկանց՝ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում:
Երգչուհու երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Յիս կանչում իմ լալանին», «Չկա քիզի նման» և այլն: Մեծ հաջողությամբ է կատարել Ջիվանու, Շերամի երգերը, նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն էր:
Արգասաբեր ստեղծագործական կյանքի, ժողովրդի հույզերը, զգացմունքներն ու ապրումները մարմնավորելու և ներկայացնելու բացառիկ տաղանդի շնորհիվ, հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը վայելել է համաժողովրդական սեր և հարգանք՝ ժողովրդի իսկ կողմից արժանանալով «Հայ երգի թագուհի» կոչմանը:
Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը
- Պատգամավորները հարգեցին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը
- Մահացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը