Անդրիաս Ղուկասյանն ու ՊՆ խոսնակը՝ հայտնի տեսանյութի հրապարակման մասին
Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրության մեջ երևում է, ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ներթափանցում Արցախի տարածք,- այսօր լրագրողների հետ անդրադառնալով արդեն հայտնի տեսանյութի հրապարակման վերաբերյալ հնչած քննադատություններին, ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա համոզմամբ՝ դա այն կարևոր ապացույցն է, որը հանդիսանում է գործոն, ապրիլի 2-ի ռազմական բախման գործում պատասխանատու կողմին հայտնաբերելու համար:
Ղուկասյանի խոսքով՝ փորձ է արվում շեղել ուշադրությունը ազգային շահից. Պետք է Ադրբեջանից պահանջել, որ վերադառնա այն շփման գծին, որը եղել է մինչև ապրիլյան պատերազմը։ Կամ պետք է միջազգային հանրությունը դիվանագիտական ճանապարհով դա անի, կամ էլ Արցախի զինված ուժերը դա անեն իրենց ռազմական ուժով:
Ղուկասյանի կարծիքով, եթե այն մարդիկ, ովքեր շեղվում են այդ հարցադրումներից, տեսանյութի հրապարակման մեջ այլ բաներ են տեսնում, ուրեմն մադրիդյան սկզբունքների կողմնակիցներն են:
Անդրադառնալով տեսնայութի հրապարակմանը, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է. «Չեմ կարող մեկնաբանել, Պաշտպանության բանակին հարցրեք: Եվ տարածողներին նաև: Ես ավել բան չեմ կարող ասել: Միանշանակ չպետք է հայտնվեր, բայց դա այլ տեղում քննարկվող հարց է: Անկեղծ ասած, դրա համար ամբողջ աշխարհում դատապարտում են»: