7-րդ տեղ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնական՝ մրցելով միայն հեռացատկում և վազքային մրցաձևերում և ընդհանուր հաշվարկում վաստակելով 42 միավոր: Հայաստանը ներկայացել էր 13 մարզիկով՝ 6 տղա և 7 աղջիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց 3000 մ վազքում Երվանդ Մկրտչյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալյա Շարոյանը կանանց հեռացատկում 5,84 մ արդյունքով՝ բրոնզե մեդալի: 15-ամյա արագավազորդուհի Գայանե Չիլոյանը կանանց 200 մ վազքում գրավել է 4-րդ տեղը, իսկ 100 մ վազքում ճանաչվել է 5-րդը:
Առաջնությանը մասնակցել են 18 երկրի՝ Անդորրայի, Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիայի, Կիպրոսի, Մակեդոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ջիբրալթարի, Իսլանդիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սան Մարինոյի և Մոնակոյի ներկայացուցիչները: