Այն երկրում, որտեղ ներդրումը պակասում է, դու ինչո՞ւ ես վարկ վերցնում. Արամ Մանուկյան
Այս կարգի անպատասխանատվություն սեփական երկրի, եկող սերնդի նկատմամբ, անբացատրելի է, չի կարելի: Մեր պարտքն արդեն դարձավ 5 միլիարդ 450 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ 1 միլիարդ դոլարով ավելացել է մեր պարտքը,- Ազգային ժողովում «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Շատ սիրուն ծրագրեր իրականացնելու համար եք վերցնում պարտքը՝ տրանսպորտ, էլեկտրականություն, գյուղական ծրագրեր: Բոլոր ծրագրերը լավն են, բայց ո՞վ է այդ պարտքը փակելու: Մուծման տերն ո՞վ է»,- նշեց նա:
Ա. Մանուկյանի խոսքով, բազմաթիվ անգամ են ասել, որ պարտքը վերցելը վատ բան չէ, բայց պետք է վերցնի այն մարդը, որ կարող է նաև փակել:
«Մենք չունենք այդ միջոցը: Ինչո՞ւ եք վերցնում, որ չեք փակելու: Չի կարելի: Ո՞րն է ռազմավարական այն ծրագիրը, բիզնես ծրագիրը, որի արդյունքում Հայաստանում ներդրումներ են լինելու: Մեկ տարում 10 անգամ ներդրումը պակասել է: Այն երկրում, որտեղ ներդրումը պակասում է, դու ինչո՞ւ ես վարկ վերցնում: Ձեզ համար շատ լավ է վարկ բերելը, անպատասխանատու գումար, ինչքան կարող ես օգտվի»,- նշեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ: Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրով նախատեսվում է վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը համաձայն է պատգամավորի առաջարկի հետ
- Եկեք ՀՀ բյուջե հասկացությունը փակենք ու ամեն ինչի համար պարտք վերցնենք. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհը վերանորոգվելու է վարկով