Փոխնախարարը համաձայն է պատգամավորի առաջարկի հետ
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկելու «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին, քանի որ կարծում է` հնարավոր չէ այլ տարբերակով այդ ճանապարհը, թունելները, կամուրջները վերանորոգել:
«Եթե մնա, որ պետությունը բյուջեից միջոց գնի՝, դա չի լինելու, մենք հնարավորություն չունենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրով նախատեսվում է վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում:
Պատգամավորի խոսքով, Լոռու մարզի տարբեր համայնքներում մարդիկ սպասում են այդ շինարարությունը, ողջունում են, բայց մտավախություն ունեն, որ բանվորիներին Երևանից կբերեն: Է.Մարուքյանը նշեց, որ պետք է պարտադիր պայման դրվի, որ շինարարական աշխատանքներում ներգրավվեն տեղացի բնակիչները:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես կարևորեց տեղացիների մասնակցությունը շինարարական աշխատանքներին:
«Շատ կարևոր է, որ բանվորական ուժը լինի այն համայնքներից, որտեղ ընթանալու են շինաշխատանքները»,- նշեց նա:
Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն ասաց, որ նախապատվությունը տրվելու է տեղացիներին:
«Հաշվարկել ենք, որ շուրջ 300 հոգի բանվորական աշխատատեղ կստեղծվի: Հետամուտ ենք լինելու, պակաս չենք կարևորում: Այո, համաձայն ենք ձեզ հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Եկեք ՀՀ բյուջե հասկացությունը փակենք ու ամեն ինչի համար պարտք վերցնենք. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհը վերանորոգվելու է վարկով