Եկեք ՀՀ բյուջե հասկացությունը փակենք ու ամեն ինչի համար պարտք վերցնենք. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին զարմացնում է այն, որ Հայաստանն իր 26 տարիների ընթացքում վարկային միջոցներով է կարողանում միայն ճանապարհներ կառուցել, զենքեր գնել և այլն:
«Սխա՞լ եմ հիշում, որ վերջին տարիներին Հայաստանում ոչ մի ճանապարհաշինարարական աշխատանք չի իրականացվել պետբյուջեի, հայաստանյան միջոցների հաշվին: Գիտե՞ք՝ ինձ ինչն է զարմացնում, որ մենք 26 տարվա պետություն ենք ու ամեն ինչ անելու համար վարկ ենք վերցնում: Եկեք ընդհանրապես ՀՀ բյուջե հասկացությունը փակենք ու գնանք, ամեն ինչի համար պարտք վերցնենք ու էդ բյուջեի անունն էլ դնենք պարտքի վերադարձման գրասենյակ», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում վարկային հերթական համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց Փշինյանը՝ դիմելով համաձայնագիրը ներկայացնող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:
Ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը միակը չէ, որ խոշոր ենթակառուցվածքների ներդրման համար օգտագործում է «երկար և էժան փող»:
«Այս բանկերը տրամադրում են երկար և էժան փող, այսինքն՝ 1 տոկոս տոկոսադրույքով և 15-30 տարի տևողությամբ: Որևէ արտառոց բան, կարող եմ ձեզ ասել, մենք չենք իրականացնում», -հավելեց փոխնախարարը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ:
Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրով նախատեսվում է վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները: