Շատ դժվար դարաշրջան է արվեստագետի համար. Արվեստագիտության դոկտոր
Դժգոհ չեմ մեր ուսանողներից, նրանցից շատերը կարդացած մարդիկ են, սովորող են: Մենք պետք է դժգոհենք ժամանակից,- Panorama.am-ի հետ զրուցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ Վիգեն Ղազարյանը:
«Ամբողջ աշխարհում նույն վիճակն է՝ տեղեկատվության դար է, ամենատաղանդավոր մարդն ինչ էլ անի այդ բազմազանության մեջ, ինչպե՞ս պետք է նման դեր խաղալ, ինչպես ժամանակին, ենթադրենք, Պիկասոն: Տեխնոլոգիաներն ավելի շատ տեղ են գրավում արվեստում, քան բուն արվեստը: Տաղանդներ բոլոր տեղերում էլ կան, բարդությունը ժամանակաշրջանի մեջ է»,- նշեց նա:
Արվեստաբանի խոսքով, այսօր նկարները չեն գնվում, նկար սիրող չկա, առաջվա նման չէ, որ ամեն ցուցահանդես հարյուրավոր այցելու ունենա:
«Հիմա փոխվել են ժամանակները, հետաքրքրությունը պակասել է նկարչության նկատմամբ»,-ընդգծեց նա:
Վ. Ղազարյանն ասաց, որ 21-րդ դարում ամեն ինչն ազդում է նկարչի վրա: Բոլոր դեպքերում, ըստ նրա, գեղանկարչությամբ զբաղվող մարդն առանց ավանդականն իմանալու չի կարող իսկական նկարչություն ստեղծել, կեղծ խաղ կլինի. «Իսկական նկարչությանը պետք է դասականի վրա հիմնված լինի: Դասական՝ ինչպես անտիկի իմաստով, այնպես էլ միջնադարից սկսած: Միջնադարի ազդեցությունը մեզ մոտ ոչ թե գիտակցան, այլ ենթագիտակցական ձևով է տեղի ունենում, արտահայտվում է գույների, հարթանկարչության բնագավառում»:
Նա նշեց, որ այսօր հայ արվեստագետները տարբեր երկրներում ցուցադրվում են, սակայն մեծ անուն հանելը բացարձակ այլ հարաբերությունների հետ է կապված՝ «ով քեզ կբարձրացնի, ով քեզանից շահ ունի»:
«Առաջվա նման չէ: Ինչպես նախկինում, հիմա էլ ստեղծվում են արժեքներ, բայց արժեքներն առևտրի հետ են կապված: Շատ դժվար դարաշրջան է արվեստագետի համար»,- ասաց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ Վիգեն Ղազարյանը: