«Դոնորի շնորհիվ իմ կյանքը հնարավոր եղավ փրկել. մտածում եմ դպրոց վերադառնալու մասին». Վահե, 12 տարեկան
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, նաև հանրության ուշադրությունը սևեռել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին:
ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում ամեն տարի կազմակերպվում են դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Այս տարի կազմակերպիչները միջացառումներն անցկացնում են «Արյունը միավորում է բոլորիս» կարգախոսով՝ փորձելով ցույց տալ կամավոր արյան դոնորության կարևորությունը, ինչպես նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ արյունը միավորում է բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001 թվականներին տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2015թ-ին կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն առկա է հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր: Բավարար արյան պաշարներ ունենալու համար հարկավոր է երկրի բնակչության 2-5 տոկոսը դոնոր հանդիսանա: Ըստ մասնագետների՝ արյան բաղադրամասերով և պատրաստուկներով պահանջարկը ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել շուրջ 50 հազար արյունատվություն:
«Արյունը միավորում է բոլորիս» կարգախոսով կազմակերպված միջոցառման ժամանակ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արյունաբանական կենտրոնում մեծ թվով մարդիկ կամավոր իրենց արյուն են նվիրաբերել վիրավոր զինվորների կյանքը փրկելու համար: Սակայն, ըստ նրա, մի քանի օր հետո դոնորների հոսքը նվազեց:
«Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին դոնոր հանդիսանան: Այսօր շատերն արյան բաղադրամասերի կարիք ունեն, նրանք բուժվում են տարբեր հիվանդանոցներում և նրանց ամեն օր արյան թարմ բաղադրամասեր են անհրաժեշտ: Մեր հայրենակիցները, որոնք մեծ ակտիվություն են ցուցաբերում տարբեր իրավիճակների ժամանակ՝ երկրաշարժ, պատերազմ և այլն, պետք է նաև մնացած օրերին էլ պահպանեն այդ ակտիվությունը , դոնորագրվեն և իրենց արյան բաղադրամասերը հանձնեն դրա կարիքն ունեցողներին»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը՝ հավելելով, որ արյան բաղադրամասերի ներարակումը կարևոր է ուռուցքային հիվանդությունների, քիմիաթերապիայի, լեյկեմիայով հիվանդների բուժման ժամանակ, քանի որ շատ հաճախ թարմ արյան բաղադամասերից է կախված այդ հիվանդների ապաքինման արդյունավետությունը:
Նրա խոսքերով՝ հասարակությունը պետք է գա այն գիտակցման, որ ամեն վայրկյան արյան կարիք ունեցող երեխաների, զինվորների, մայրերի փրկության հարցում ամեն մեկի դերն անփոխարինելի կարող է դառնալ:
Սմբատ Դաղբաշյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այսօր դոնոր են հանդիսանում և մարդկային կյանքեր փրկում:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք նվիրաբերում են իրենց արյան բաղադրամասերը հիվանդ երեխաների կյանքը փրկելու համար: Չկա ավելի մեծ երջանկություն, ավելի վեհ զգացողություն, քան որևէ մեկի կյանքը փրկելը: Դա ոչ միայն զուտ արյան բաղադրամասերի նվիրաբերում է, այլ ուշադրություն դրա կարիքն ունեցողների նկատմամբ»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:
12-ամյա Վահեն Panorama.am-ի հետ զրույցում ևս շնորհակալություն հայտնեց բոլոր դոնորներին. «Դոնորի շնորհիվ իմ կյանքը հնարավոր եղավ փրկել: Այսօր միայն երազում եմ առողջանալու, իսկ հետո արդեն դպրոց վերադառնալու մասին»: Վահեն չի բացառում, որ մի օր ինքն էլ դոնոր կդառնա:
Նշենք նաև, որ միջացառման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մի խումբ բուժաշխատողներ, կամավոր դոնորներ, ինչպես նաև Հայաստանում արյան կամավոր դոնորությանն աջակցող կազմակերպություններ պարգևատրվեցին պատվոգրերով, հանձնվեցին նաև շնորհակալագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում