Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է
Հայաստանում այսօր գործում է 23 հատուկ դպրոց, սակայն մինչև 2022 թվականը յուրաքանչյուր մարզում առնվազն՝ 1, իսկ Երևանում 4 հատուկ դպրոց պետք է վերակազմակերպվի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ իրենց նպատակն այն չէ, որ հատուկ դպրոցները փակվեն, դրանք այսպես թե այնպես «մարում» են:
«Եթե 2002 թ-ին հատուկ դպրոցներ էին գնում 10 հազար երեխաներ, այսօր այդ թիվը նվազել է ՝ հասնելով 2200-ի, որոնցից ընդամենը 1000-ն է գիշերում այդ դպրոցներում: Բացի այդ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտության, Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների 70 տոկոսը հաճախում են հանրակրթական դպրոց: Այսինքն՝ մեր խնդիրը յուրաքանչյուր երեխային մատչելի և որակյալ կրթություն տալն է: Իսկ դա շատ ավելի բարդ հարց է»,- ընդգծեց Անահիտ Մուրադյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թիվը նվազել է:
Նա նաև հիշեցրեց, որ մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետև տրվելու է ընտանեկան նոր ձևերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին և միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում:
Հաստատման փուլում են ևս մի շարք իրավական ակտեր, որոնք միտված են երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելուն:
Լենա Հայրապետյանի խոսքերով՝ եթե մի քանի տարի առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ գործում էին մի շարք մանկատներ, ապա այսօր Հայաստանում գործում է պետական 6 մանկատուն՝ նախկին 8-ի փոխարեն: Բացի այդ, Հայաստանում փակվել են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործող 4 մանկատներից երկուսը:
«Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է: Դրան են միտված մեր քայլերը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները