Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների և ստեղծագործողների միջև. Ճարտարապետ
Այսօրվա մեր ճարտարապետությունը չի կարող բարձր գնահատականի արժանանել, ինչպես հիմնականում խորհրդային շրջանում ստեղծված ճարտարապետությունը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը:
«Մեղավորները ոչ թե ճարտարապետներն են, այլ այն միջավայրը, որում գտնվում են նրանք: Ճարտարապետության համար միջավայրը շատ կարևոր է: Ճարտարապետությունն, իր բնույթով լինելով պետական արվեստ, լինելով մնայուն, թանկ արվեստ, անպայման պետք է ունենա պետության հովանավարությունը, պետությունն ունենա այդ ճարտարապետության կարիքը»,- նշեց նա:
Ըստ ճարտարապետի, Հայաստանում այսօր գործում է կապիտալիզմի գաղափարախոսությունը՝ այսինքն փողի գերակայությունն ամեն ինչի վրա. «Մենք որպես կապիտալիստական մանուկ երկիրր, կուրորեն կրկնում ենք այն, ինչ աշխարհի ավելի հին կապիտալիստական երկրները հրամցնում են, ցույց են տալիս: Առաջնորդվում ենք կապիտալով, շահով, իսկ որտեղ շահն է, արվեստի շահը չի կարող լինել»:
«Ինչի՞ է Երևանի այսօրվա ճարտարապետությունն այսպիսին. կառուցապատողների շահը և արվեստագետների շահն իրար չի համընկնում, լրիվ հակառակ ուղղությամբ է գնում: Այլ կատեգորիաներ են: Օրինակ, որևէ հուշարձանի տանիք են ուզում փոխել: Մասնագետները խորհուրդ են տալիս այնպես անել, որ հուշարձանը չաղճատվի, բայց կառուցապատողը չի համաձայնվում: Ոչ թե չարագործ է ու դրա համար է ուզում փչացնել, այլ շահի խնդիր է: Մեր խորհուրդները սովորաբար իրենց համար շահավետ չեն լինում:
Հատուկ չեն անում, բոլորովին, անում են՝ համոզված լինելով, որ բարի գործ են անում, իսկ մենք համոզված ենք, որ նրանք չար գործ են անում, մերն է բարի, քանի որ ուզում ենք հուշաձանը պահել: Եթե ուզում ենք երկխոսության մեջ մտնել, կարծես տարբեր ազգության մարդիկ լինենք, տարբեր լեզուներով ենք խոսում, չենք հասկանում իրար»,- ասաց նա՝ հավելելով, որ դրսում էլ է նույն վիճակը:
Ըստ ճարտարապետի, Հայաստանում օր-օրի վիճակը կվատանա, քանի որ արվեստագետների և կառուցապատողների մտածելակերպը, գաղափարախոսությունը, լեզուն տարբեր է, ժողովուրդն էլ մեծամասամբ այն գաղափարախոսությունն է ավելի շատ հավանում:
«Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների, ստեղծագործողների միջև, քանի կա շահերի բախում: Երբ որ գումարի շահը գերակայում է արվեստի շահից, բերելու է նրան, որ վիճակն անընդհատ վատանալու է»,- ընդգծեց նա:
Հ. Պողոսյանի խոսքով, մայրաքաղաքի ճարտարապետության վրա նաև ազդում է այն, որ գնալով բնակչությունը Երևանում ավելանում է. «Չկա աշխարհում մի երկիր, որտեղ բնակչության 1/3-ն ապրի մայրաքաղաքում: Հիվանդ գլուխը մեծանում է, դրանից էլ ճարտարապետությունն է փչանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին