Թուրք իրավաբանի դիմումի հետ կապված դատական հեռանկար չեմ տեսնում. միջազգային իրավունքի փորձագետ
Դատարան դիմելու իրավունք ունի յուրաքանչյուրը, սակայն այստեղ հարցը նրանում է, թե ինչ դատական հեռանկար ունի նման հայցի հարուցումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով թուրք իրավաբանի Գերմանիայի Սահմանադրական դատարան ուղղված դիմումին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով:
«Գերմանական սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս բավականին բարձր ընդունելության շեմ է նախատեսում համապատասխան անհատական դիմումների համար և տվյալ պարագայում անձը հաջողության հասնելու համար առնվազն պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին»,-նշեց միջազգային իրավունքի փորձագետը:
Նրա խոսքով՝ այս պարագայում մենք չունենք նման խնդիր, քանի որ բանաձևը խորհրդարանական է, այն չունի օրենքի մակարդակ, չի կարող ներգործություն ունենալ անձի նկատմամբ և առավել ևս խախտի անձի որևէ իրավունք:
«Դատական հեռանկար այս գործընթացում չեմ տեսնում և գտնում եմ, որ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը հայցադիմումի ընդունման փուլում հստակ կարտահայտի իր դիրքորոշումը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե իրավական տեսանկյունից ինչպես կարելի է Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործել, նա նշեց. «Շատ վտանգավոր եմ համարում այն հանգամանքը, որ այսօր պատասխանատվության թիրախը Թուրքիայից տեղափոխվի Գերմանիա, իհարկե, չեմ ցանկանում բացառել որևիցե իրավական գործընթաց, որը կառնչվի այն գերմանական ընկերություններին, որոնք ցեղասպանության տարիներին որոշակի առումով օգուտներ են քաղել զոհերի գույքից կամ նրանց աշխատանքի օգտագործումը: Թիրախավորման տեսանկյունից մենք սլաքը չպետք է Թուրքիայից ուղղենք դեպի Գերմանիա»:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի Սահմանադրական դատարանը հաստատեց ցեղասպանության բանաձևի բողոքարկումը
- Թուրքերը դիմել են Գերմանիայի Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին