ՓՄՁ-ները դժգոհ են հարկային նոր օրենսգրքից
«Հարկային նոր օրենսգրքով ուզում են ԱԱՀ-ի շեմն իջեցնել 40 միլիոն դրամի, ինչը փոքր և միջին բիզնեսի համար կարող է կործանարար լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասեցում» շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ ավելացված արժեք հասկացությունը չի կարող մանր բիզնեսի համար լինել աշխատելու միջոց: Բացի այդ, ԱԱՀ-ի դաշտում աշխատելու համար պետք են լավ իրավաբաններ, հաշվապահներ, որը փոքր բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ:
Սամսոն Գրիգորյանը նշեց նաև, որ նոր օրենսգրքով օրինակ՝ եթե տնտեսվարողի մոտ ստուգումներ կատարվեն և հայտնաբերվեն խախտումներ, ապա ձեռներեցը պարտավոր է վճարել տուգանքը, եթե նույնիսկ դիմել է դատարան հայցով:
«Այսինքն՝ եթե տուգանքը կազմում է 5 մլն դրամ և տնտեսվարողն իր ամբողջ գումարը տալիս է տուգանքի վճարմանը, սակայն մեկ տարի հետո դատարանը պարզում է, որ իրականում տնտեսվարողը խախտում չի կատարել, դա տնտեսվարողի համար շատ ուշ կլինի. Նա իր բիզնեսն արդեն կորցրած կլինի»,- ընդգծեց նա:
Ս.Գրիգորյանն ասաց նաև, որ նոր օրենսգրքով մեծ հնարավորություններ, արտոնություններ են տրվել տեսուչներին, ՊԵԿ-ի աշխատակիցներին:
«Ինչքան ուզում են թող ամպագորգոռ բառեր ասեն, բայց մենք գիտենք, որ ամեն առավոտ ՊԵԿ-ի տեսուչները հավաքվում են ու որոշում, թե ինչպես տնտեսվարողին տուգանեն: Եւ եթե նման մեծ հնարավորություններ տան, ապա պարզ է, թե ինչ դժվարությունների առաջ կկանգնի տնտեսվարողը»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ խոսում են կոռուպցիայի, մոնոպոլիայի դեմ պայքարից, բայց ամենօրյա շփումները հակառակն են ցույց տալիս: Օրինակ՝ ապրանք ներմուծողներից ստուգող մարմինները շատ հաճախ պահանջում են անհարկի ու անիմաստ թղթեր:
Սամսոն Գրիգորյանը նշեց, որ մինչև հիմա փոքր բիզնեսը միջնորդների օգնությամբ էր կատարում ներմուծումն ու բիզնեսի համար խնդիրներ չէր ստեղծվու:
«Սակայն վարչապետի հայտարարություններից հետո փորձել ենք օրինական դաշտում աշխատել, բայց կանգնել ենք ապառաժների առջև: Արդյունքում՝ օրինական ճանապարհով աշխատող բիզնեսը տուժում է: Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարելուց առաջ պետք է ամեն ինչ պարզեցնեն, որ տնտեսվարողը կարողանա աշխատել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան