Հարավային Օսեթիայում չեն բացառում Հայոց Ցեղասպանության ճանաչումը
Հարավային Օսեթիայի խորհրդարանն առաջիկայում կքննարկի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճանաչումը օրենսդիր մարմնում քննարկեվել է դեռ նախորդ տարի, սակայն հայկական համայնքի կողմից պաշտոնական դիմում խորհրդարանը ստացել է երեքշաբթի օրը»,-«Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:
Հարցը կքննարկվի առաջիկա նստաշրջանում, այն կներկայացվի Օրենսդրության, օրինականության ու տեղական ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Օլեսեյ Կոչիևի կողմից:
«Մի քանի պատգամավորներ նկատել են, որ Հայաստանն էլ պետք է ճանաչի օսեթ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Բայց դա սկզբունքային չէ»,-նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունից, ավելացնելով, որ հայկական համայնքի ներկայացուցիչներն իրենց երկրի լիարժեք անդամներ են, նրանցից շատերը պայքարել են այդ երկրի ազատության համար, նրանցից շատերն էլ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:
Խորհրդարանականների կարծիքով, եթե օրենսդիր մարմնի անդամներն օրինագծի վերաբերյալ դրական որոշում կայացանեն, ապա «կվերականգվի պատմական ու մարդկային արդարությունը եղբայրական ժողովրդի նկատմամբ»: