Երևանում առաջին անգամ կանցկացվի Սայաթ-Նովա փառատոն
Երևանում հունիսի 18-24-ն առաջին անգամ տեղի կունենա Սայաթ-Նովա փառատոն: Փառատոնի կազմակերպիչ Music of Armenia-ից Panorama.am-ին հայտնում են, որ փառատոնի նպատակն է պահպանել և խթանել Սայաթ-Նովայի ժառանգությունը և աշուղական մշակույթն առհասարակ: Մի քանի օրերի ընթացքում Սայաթ-Նովա փառատոնն իր շուրջը կմիավորի բոլոր մակարդակների և փորձառության երաժիշտների՝ ի նվիրումն այս բացառիկ արժեքավոր ժանրին:
Փառատոնի առաջին համերգը կայանալու է հունիսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ելույթ է ունենալու քամանչահար Հակոբ Խալաթյանը, նաև Հանրապետության տարբեր դպրոցները ներկայացնող, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, որոնք ազգային նվագարանների վրա (քամանչա, քանոն, թառ, ուդ, դուդուկ, շվի) կկատարեն Սայաթ–Նովայի և այլ հայ աշուղների ստեղծագործություններ: Ելույթ են ունենալու նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրը (թառ) և Մեսրոպ Խալաթյանը (դափ ), աշուղական երգերի լավագույն կատարող երգիչ Մուշեղ Հարությունյանը: Առաջին անգամ հնչելու է մեծանուն աշուղ Ջիվանու նորահայտ «Շխալի» երգը, որը Գրականության և արվեստի թանգարանում հայտնաբերել է Հակոբ Խալաթյանը:
Հունիսի 22-ին Մեգերյան կարպետում կայանալու երիտասարդ երաժիշտների համերգ: Ելույթ են ունենալու «Հավասի» երիտասարդական համույթը, «Տաղարա»ն անսամբլը, «Միք’ս Արթ Ֆոլկ» կվարտետը, Արաքսյա Ամիրխանյանը և «Տոնիկա» տրիոն:
Հունիսի 24-ին կայանալու է «Նռան գույնը» ֆիլﬕ թվային վերականգված տարբերակի դիտում-քննարկումը: Երեկոյի բանախոսներն են լինելու կոմպոզիտոր ՏիգրանՄանսուրյանը, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։