Վ. Սիխառուլիձե. ԼՂ հակամարտության լուծումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար
Կարծում եմ տեսանելի ապագայում Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին հայկական առցանց լրատվամիջոցների հետ համացանցային ասուլիսի ժամանակ Panorama.am-ի հարցին ի պատասխան` նշեց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլ Սիխառուլիձեն:
«Կարծում եմ, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օգտակար է լինելու ոչ միայն Վրաստանի համար, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Անդամակցությունը նպաստելու է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և կայունությանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններ է ստեղծելու»,- ասաց Սիխառուլիձեն:
Անդրադառնալով հարցին, թե որքանով է ՆԱՏՕ-ն որպես կառույց այժմ միասնական, ի տարբերություն Սառը պատերազմի տարիների, և արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտող Վրաստանը ունի նույն անվտանգության սպառնալիքները, ինչ Պորտուգալիան կամ Բելգիան՝ Սիխառուլիձեն նեց, որ ՆԱՏՕ-ի կազմավորման հիմքում ընկած արժեքներն և սկզբունքները հիմա էլ այնքան կարևոր են, որքան հիմնադրման 1949 թվականին:
«Այդ ժամանակից ի վեր, իհարկե, անվտանգային միջավայրում իրերի դրությունը փոխվել է, բայց Դաշինքը նույնպես փոփոխությունների է ենթարկվել: Ճիշտ է, որ ներկայում սպառնալիքների բնույթն ու մասշտաբը տարբերվում են, բայց եվրոպական անբաժանելի անվտանգության համակարգի և միասնական, ազատ ու խաղաղ Եվրոպա ունենալու գաղափարները նախկինի պես հիմնաքարային նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի համար»,- ասաց Սիխառուլիձեն:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների բնույթին՝ Սիխառուլիձեն ընդգծեց, որ Հայաստանը և Վրաստանը ունեն շատ լավ հարաբերություններ և որ երկու երկրների աշխարհաքաղաքական ընտրությունները չեն խոչընդոտում այդ հարաբերություններին: Այս առումով, երկու երկրների համար էլ Սիխառուլիձեն կարևոր է համարել անվտանգության և կայունության ապահովման խնդիրները:
Սիխառուլիձեի խոսքով, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների վերջերս պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն որևէ սպառնալիք չեն ներկայացնում Հայաստանի անվտանգությանը: Ըստ նրա, այս երեք երկրներն էլ այն համոզմանն են, որ իրենց համագործակցությունը երբեք որևէ մեկի դեմ ուղղված չէ և այն պետք է դիտարկել տարածաշրջանային համագործակցության հարթությունում:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Սիխառուլիձեն նշեց, որ հակամարտության լուծումը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի, այլ նաև Վրաստանի համար, քանի որ այն սպառնալիք է ողջ Հարավային Կովկասի անվտանգությանը:
«Կարծում եմ հակամարտությունը հետագա էսկալացիա չի ունանա: Դա Հարավկովկասյան որևէ պետության շահերից չի բխում: Ինչ վերաբերում է հակամարտության քաղաքական կարգավորմանը, ապա կարծում եմ՝ դրան կարելի է հասնել բոլոր կողմերի և միջազգային հանրության մեծաթիվ ջանքերի շնորհիվ»,- ասաց Սիխառուլիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին