Ալի Խամենեի. Եթե ԱՄՆ-ն միջուկային համաձայնությունը պատռի, ապա մենք այն կայրենք
Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները գործնականում չի վերացրել,-իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն իշխանության երեք թևերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից միջուկային համաձայնությամբ պայմանավորված պարտավորությունների կատարմանը, նշել է. «Հակառակ կողմը պարտավորվել է վերացնել պատժամիջոցները, սակայն դա չի իրականացրել: Այսինքն՝ պատժամիջոցների մի մասն է չեղարկվել, գործնականում պատժամիջոցները դեռ վերացված չեն»:
Իրանի հոգևոր առաջնորդը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ միջուկային համաձայնության վերաբերյալ արած հայտարարություններին, հավելել է. «Ի սկզբանե մենք միջուկային համաձայնությունը չենք խախտի, սակայն եթե Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների սպառնալիքներն իրագործվեն, այն է՝ պատռեն միջուկային համաձայնությունը, ապա մենք այն կայրենք»:
Հիշեցնենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորական, այաթոլլահ Մաքարեմ Շիրազին վերջերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով միջուկային համաձայնությամբ պայմանավորված ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգներն իրենց պարտավորությունների մեծ մասը չեն կատարել. ԱՄՆ-ի կողմից մեծ պահանջներ ներկայացնելու քաղաքականության դեմը պետք է առնենք: Եթե դա չանենք, ապա մի օր էլ հերթը կհասնի մեր պաշտպանական համակարգերին, հետո պատրվակ կբերեն մարդու իրավունքները, մի օր էլ կառաջարկեն, որ ճանաչենք Իսրայելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները