Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն բողոքի ակցիայով: Դրա համար Facebook սոցիալական ցանցում արդեն իսկ ստեղծվել է նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:
Նախաձեռնող խումբը հայտարարություն է տեղադրել էջում. «Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի Պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս սրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։
2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։
Նշենք, որ ավելի վաղ Պատրիարքարանի կայքը տեղեկացրել էր, որ Պոլսո Հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր ժողովի նիստերին:
Հիշեցնենք, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Աթեշյանը այդ փաստի առնչությամբ ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին:
«Հարգելի՛ պարոն նախագահ, առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում կատարված դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշումը առաջ է բերել մեր ափսոսանքը: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք հայտնում ենք Ձեզ մեր ափսոսանքը՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների արտահայտության:
Անընդունելի է, որ խորհրադարանը, որը ձևավորվել է գերմանացի քաղաքացիների քվեների միջոցով և պարտավոր է ընդունել իր ժողովրդի խաղաղության, բարգավաճմանն ու անվտանգությանն ուղղված օրենքներ, կարծիք է արտահայտում, անկախ այն հանգամանքից, որ այն չունի դրա իրավունքը: Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այս որոշումը ամբողջ գերմանացի ժողովրդի անունից և իրեն դատավորի դեր վերագրում»,- ասել էր Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդը իր նամակում:
Հայաստանում շատերն էին դժգոհել արքեպիսկոպոսի վարքից, սոցիալական ցանցերում մարդիկ արտահայտել էին իրենց զայրույթը՝ Աթեշյանի վարքը համարելով անընդունելի:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
- Չեմ արդարացնում Արամ արքեպիսկոպոսի նամակի բովանդակությունը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա