Ախր ի՞նչ խղճով եք 3000, 4000 բնակիչ ունեցող համայնքները տանում խոշորացման. Արամ Մանուկյան
«Հայաստանը պետք է ուժեղացնի իր համայնքները, սահմանները: Երևանից դուրս այլևս Հայաստանում չի մնացել ոչ զոդող, ոչ կռունկավար, ոչ կաֆելագործ, Երևանի տաքսիստների կեսից ավելին Հայաստանի շրջաններից եկած մարդիկ են», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անընդունելի համարելով խոշորացման ծրագիրը:
Պատգամավորի պնդմամբ, ֆինանսը, կրթությունը, գիտելիքը, մարդը Հայաստանի մարզեր ուղղելու փոխարեն, կենտրոնացվում է Երևանում, հետևաբար համայնքների խոշորացումը ավելի է խորացնելու խնդիրը:
«Պարոն Տերտերյան, դուք ձեր բերանով ասացիք՝ Նոյեմբերյանում միացնում եք երկու համայնք, որոնցից յուրաքանչյուրն ունի 4000 բնակիչ: Ախր ո՞նց կարելի է ասել, որ 4000 բնակիչ ունեցող ինքնակառավարման համակարգը ուրիշ ինքնակառավարման համակարգին ենք միացնում: Արդյոք չե՞նք ոչնչացնում ինքնակառավարման հակամարգը: Իհարկե, ոչնչացնում ենք: Ախր ի՞նչ խղճով եք 3000, 4000 բնակիչ ունեցող համայնքները տանում խոշորացման, դրանք արդեն համայնք են իրենց բնավորությամբ, տարածքով, ձևով», -հայտարարեց Մանուկյանը:
Պատգամավորը, վկայակոչելով Սահմանադրությունից հոդված, ասաց, որ Ազգային ժողովը պարտավոր է լսել համայնքների կարծիքը. «Ես ձեզ ասում եմ՝ համայնքները կողմ չեն: Եվ գյուղապետերը, և ժողովուրդը, և ավագանիները համարձակվում են արտահայտել իրենց կարծիքը՝ այս արհեստական միավորումներին դեմ են, սա մարդկանց իրավունքներին դեմ գնացող սկզբունք է, այս միջոցառման արդյունքում քաղաքացին հեռանում է կառավարման վահանակից»:
Արամ Մանուկյանն ասաց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է ներկայացված նախագծերին:
Նշենք, որ այս օրինագծերի փոփոխություններով, համայնքները կխոշորացվեն Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Մասնավորապես, Արարատի մարզից առաջարկում են Ուրցաձոր համայնքում ընդգրկել Ուրցաձոր, Լանջանի, Շաղափ գյուղերը: Շիրակի մարզում՝ Ամասիա համայնքը՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր գյուղերով: Աշոցքը՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Ղազանչի, Մեծ Սեպխասար, Փոքր Սեպասար, Սիզավետ, Սարագյուղ գյուղերով:
Սյունիքի մարզից Գորիս քաղաքը՝ Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Ձորակ, Ներքին խնձորեսկ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղերով: Մեղրին՝ Մեղրի քաղաք, Ագարակ, Ալվանք, Գուդեմիս, Լիճք, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Վարդանիձոր, տաշտուն գյուղերով: Վայոց Ձորում՝ Ջերմուկ քաղաքը՝ Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հեր-Հեր գյուղերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին