Երևանում մեկնարկում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը
Հունիսի 16-ին Մատենադարանում կմեկնարկի Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ այս օրերին Երևան են ժամանել աշխարհում մեծ հեղինակություն վայելող շուրջ 40 միջազգային երաժշտական մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն երաժշտական աշխարհի ձեռքբերումները, մարտահրավերները։
Նույն օրը՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում 60-րդ գլխավոր համաժողովի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա WFIMC-ի դափնեկիրների գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ վեհաժողովն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։