Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր
Հալեպահայ Հակոբյան քույրերը Երևանում բրդյա հագուստի պատրաստմամբ են զբաղվում,
բրդյա և բամբակյա թելերից նրանք գրեթե ամեն ինչ են ստանում՝ մանկական հագուստից մինչև կանացի կիսաշրջազգեստներ, բլուզներ, նորաձևության վերջին նորույթներ,-գրում է «Արևելքը»:
Սիրիահայ Սիլվա Հակոբյանն արմատներով Հալեպից է: 1,5 տարի առաջ Հալեպում թողնելով ամեն ինչ՝ քույրերի հետ տեղափոխվել է Երևան:
-Տուն-տեղ, ամառանոց, պարտեզ, գործերնիս՝ ամեն բան ձգել ենք ու եկել: Պզտիկ քույրս ալ ընտանիքով տեղափոխվեց, բայց ծնողքս դեռ հոն են,- ասում է նա:
Հակոբյան քույրերը շուրջ 35 տարի Հալեպում բրդյա թելերից մանկական, կանացի հագուստների պատրաստմամբ և վաճառքով են զբաղվել: Հիմա նույն գործով Հայաստանում են զբաղվում:
-Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել: Հիմա ալ նույնը հոս կփորձենք անել,- ասում է տիկին Սիլվան:
Արտադրանքը հիմնականում ցուցահանդեսների ժամանակ են վաճառում, թեպետ ընդունում են նաև անհատական պատվերներ:
-Մտքներովս ինչ կանցնի, այն ալ կպատրաստենք,- ասում են քույրերը:
Ճիշտ է՝ վաճառքից ստացած հասույթը դեռեւս մեծ չէ, բայց նրանք վստահ են՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, վաճառքի ծավալներն էլ կմեծանան, ստացած եկամուտներն էլ, Հայաստանում հանդիպած դժվարություններն ու խնդիրներն էլ ավելի հեշտ կկարողանան հաղթահարել:
-Հայաստանի մէջ միակ դժվարությունը տան վարձքն է, որովհետեւ մենք միայն մեր հագուստներով եկած ենք, մեր տունուտեղը ծախած-եկած չենք, որ հոս կարողանայինք տուներ գնել: Մենք ալ ձեր շահը չունինք, որ կարողանանք դյուրությամբ բնակարանի վարձքը տալ: Հուսով ենք, երբ որ գործերնիս կլավանա, ամեն ինչ կշտկվի,- ասում է տիկին Սիլվան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան