«Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
«Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Հասկանում ենք, որ այս փառատոնն այդ անկախության ծնունդ է, ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:
Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ հնարավոր է եղել վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին Հայաստանի և աշխարհի միջև: Հ. Պողոսյանն ասաց, որ փառատոնի ծրագրերում ներառվել է նաև «Հայկական կինո. արդի ժամանակները» ծրագիրը, որի ժամանակ ամփոփվելու է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:
Փառատոնն ինչպես միշտ, այս տարի էլ անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ արդեն տարիներ շարունակ հաստատակամ աշխատում են փառատոնի հետ՝ միասին նայելով դեպի ապագա, հույս ունենալով, որ ապագան լինում է ավելի լավն ու զարգացած:
«Փառատոնը տարեց տարի զարգանում է: Մենք կարողանում ենք մեր հայկական արժեքները փոխանցել աշխարհի տարբեր երկրների»,- նշեց նա:
Մշակույթի նախարարությունը փառատոնին տրամադրում է 50 միլիոն դրամ: Փառատոնի գոյության 13 տարվա ընթացքում այս գումարը մնացել է անփոփոխ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով, բավականին դժվար ժամանակներ են, բայց փառատոնը շարունակում է մնալ աջակիցների ուշադրության կենտրոնում:
«Ավելի կարևոր հարցեր կան, բավականին դժվարացել է ֆինանս աշխատելը, ճարելը, բայց կարևորվում է փառատոնի միջազգային դերը, նաև հենց հայկական կինոյի համար»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ փառատոնը բացվելու է 1926 թվականին «Հայկինո»-ի կողմից նկարահանված «Զարե» ֆիլմով (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան), որն առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը:
«Առաջին ֆիլմ է նվիրված քրդերին, եզդիներին: Որպես մարդասեր, ժողովրդավար ազգ, մենք որոշեցինք հենց այս ֆիլոմվ բացել փառատոնը: Ֆիլմը թվայնացվել է Մոսկվայի արխիվում»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները:
«Հայկական կինո. արդի ժամանակները» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ:
«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:
«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, կներկայացվի ֆրանսիական վերջին շրջանի լավագույն ֆիլմերից երեքը:
«Դանիական նոր կինո» ծրագիրը փառատոնն իրականացնում է դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Կներկայացվի վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը:
«Բասկական նոր կինո» ծրագիրն իրականացվում է «Epe-Apv» ընկերության աջակցությամբ, կներկայացվի բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքներ:
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոն Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղերը կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին