Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը
«Իմ կյանքում մի թագուհի եմ ճանաչել՝ Օֆելյա Համբարձումյանին, մեր երգի թագուհուն: Երկրորդը չի լինելու»,- լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Նա մասնակցում էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը:
Ա. Գրիգորյանի բնորոշմամբ, երգչուհին բացառիկ երևույթ էր:
Օ. Համբարձումյանի հոգեհանգստին մասնակցում էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հասարակ քաղաքացիներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Օֆելյա Համբարձումյանը լեգենդ է, հայ ժողովրդական, աշուղական երգերի թագուհին: Կորցրեցինք մի մեծություն մեր արվեստում»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, Օֆելյա Համբարձումյանը աշուղական, ժողովրդական արվեստը բարձրացրեց մի ուրիշ մակարդակի և դրեց այն ճիշտ տեղում, որ պետք է զբաղեցներ:
«Սովորաբար, երբ որևէ մեկի վաստակն ուզում ենք գնահատել, ասում ենք՝ հատուկ դերակատարություն ուներ: Շատ անգամ միգուցե մեխանիկորեն ենք արտասանում, բայց Օֆելյա Համբարձումյանի դեպքում կարող ենք վստահորեն ասել: Նա ստեղծեց կատարողական արվեստի մի դպրոց, որից դեռ սերունդները կօգտվեն: Մասնագետները դեռ անդրադառնալու են Օֆելյա Համբարձումյանի կատարողական արվեստի նրբություններին, երիտասարդ կատարողները դեռ օգտվելու են այն արվեստից, որը մեզ մատուցեց երգչուհին»,- աաց նախարարը:
Օֆելյա Համբարձումյանն, իրոք, սիրված ու գնահատված էր ժողովրդի կողմից, և ամենակարևորը՝ նաև երիտասարդների:
«Դեռ փոքրուց շատ եմ լսել իր կատարումները: Մայրս միշտ լսում էր իր երգերը՝ Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի ստեղծագործությունները: Ինձ ասում էր, որ չկա նրա նման երգչուհի: Ձայնն անկրկնելի է, անմիջապես կարելի է ասել, որ Օֆելյա Համաբարձումյանն է երգում»,- Panorama.am-ին ասաց երևանաբանակ 25-ամյա Նունեն:
60-ամյա Գայանե Մանուկյանը դժվարանում էր խոսել, արցունքները խեղդում էին նրան: Դուրս եկավ եկեղեցուց և մի քանի րոպե անց կրկին մտավ:
«Ուզում եմ անընդհատ նայել: Ինչ իմացել եմ, որ երգչուհին մահացել է, տեղս չեմ գտնում: Արդեն երկու օր է առավոտյան արթնանում ու նրա երգերն եմ լսում մինչև երեկո: Կարծես չեմ կշտանում: Ներկա եմ եղել Օֆելյա Համբարձումյանի համերգներին: Հմայված նայում էի, լսում, մեկ րոպե ուշադրությունս չէր շեղվում: Չէի ուզում, որ համերգը վերջանար: Հիմա էլ չեմ ուզում հեռանալ, ուզում եմ նայել ու նայել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին: Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հարակից հրապարակումներ`
- Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- ՀՀ նախագահ. Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը
- Պատգամավորները հարգեցին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը
- Մահացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը