Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը
Վարչատարածքային բաժանման և Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ենթադրում են մի շարք մարզերի համայնքների խոշորացում, անհանգստացրել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:
Այսօր նախագծի քննարկման ժամանակ պատգամավորը, դիմելով հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, հայտարարեց, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքի մի խումբ բնակիչներ ստորագրություններով դիմել են իրեն՝ նշելով, որ իրենց ձայնը չի լսվել խոշորացման հետ կապված քննարկումների ժամանակ:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչու է այս հարցը լուծվում առանց տեղական հանրաքվե անելու:
«Տեղական հանրաքվեի մասին օրենքի 7-րդ հոդվածը ասում էր, որ կառավարությունը նախաձեռնությունից առաջ պարտավոր էր հանրաքվե նշանակել: Նույնը բխում է նաև Տեղական ժողովրդավարության Եվրոպական խարտիայի 5-րդ հոդվածից, որը վավերացրել է Ազգային ժողովը: Սա միջազգային պայմանագիր է, և մենք պարտավոր ենք դրա դրույթը անմիջականորեն կիրառել: Ի՞նչն է պատճառը, որ մենք միջազգային նորմերի խախտումով ենք այս փոփոխությունը բերում խորհրդարան, ի՞նչն է պատճառը, որ մենք բնակիչներին չենք լսում», -հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան Տերտերյանն ասաց, որ իրենք համայնքների կարծիքը լսել են:
«Լսել ենք ձեր նշած համայնքի ղեկավարին, փորձել ենք նրանց մտահոգություններին պատասխանել: Խոսք չի կարող գնալ որևէ նորմ խախտելու մասին», -հավելեց պաշտոնյան:
Նշենք, որ այս օրինագծերի փոփոխություններով, համայնքները կխոշորացվեն Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Մասնավորապես, Արարատի մարզից առաջարկում են Ուրցաձոր համայնքում ընդգրկել Ուրցաձոր, Լանջանի, Շաղափ գյուղերը: Շիրակի մարզում՝ Ամասիա համայնքը՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր գյուղերով: Աշոցքը՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Ղազանչի, Մեծ Սեպխասար, Փոքր Սեպասար, Սիզավետ, Սարագյուղ գյուղերով:
Սյունիքի մարզից Գորիս քաղաքը՝ Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Ձորակ, Ներքին խնձորեսկ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղերով: Մեղրին՝ Մեղրի քաղաք, Ագարակ, Ալվանք, Գուդեմիս, Լիճք, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Վարդանիձոր, տաշտուն գյուղերով: Վայոց Ձորում՝ Ջերմուկ քաղաքը՝ Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հեր-Հեր գյուղերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան