«Ազգային պատկերասրահ» փառատոնի առաջին համերգը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Հունիսի 18-ից հուլիսի 7-ը Երևանում անցկացվելու է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ հունիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը նվիրվում է աշխարհահռչակ տենոր ` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Համերգին ելույթ կունենան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ` Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան: Ծրագրում հնչելու է Յ.Ս.Բախ, Գ.Ֆ.Հենդել, Վ.Ա.Մոցարտ, Ջ.Ռոսինի, Ֆ.Շուբերտ ,Գ.Ֆոռե, Ջ.Բ.Պերգոլեզի, Ֆ.Դուռանտե, Ց.Ֆռանկ, Լ.Լուցցի, Ա.Ստրադելլա, Ն.Վալենտե, Գ.Մ.Ֆեռիլլի, Ս.Ռախմանինով:
Փառատոնային երկրորդ համերգը կկայանա հունիսի 25-ին: «Հայ-ֆրանսիական երաժշտական խաչմերուկներ» խորագրով համերգին ելույթ կունենան ֆրանսիացի ջութակահար Ամորի Կոետոն և դաշնակահարուհի Սոֆիա Մելիքյանը (Ֆրանսիա):
Հունիսի 30-ին կայանալիք համերգին ելույթ կունենան ջութակահար Ջեմմա Աբրահամյանը, կլառնետահար Գուրգեն Կակոյանը, կիթառահար Անդերս Միոլինը: Երեքն էլ Շվեյցարիայից են:
Հուլիսի 3-ին Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգին ելույթ կունենա Միրզոյանի անվան լարային քառյակը:
Հուլիսի 7-ին՝ փառատոնի փակման համերգին, հանդիսատեսին կներկայանա Հովեր-սեպտետը:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: