Սփուռքահայ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում չափազանց կարևորվում և քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենիքը բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ՝ հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով. Հայաստանն ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:
«Ողջունելի և խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Որտեղ էլ որ ապրեն հայերը` Հայաստանում թե Սփյուռքում, նրանք պետք է հոգան երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության մասին: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և աշխատասեր: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին: