Ուկրաինացի լրագրող. Ղարաբաղցիները մեկ ցանկություն ունեն՝ ապրել առանց վախի և խաղաղ
«Սա Ստեփանակերտն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, որտեղ այժմ ապրում է 60 հազար մարդ. Նրանց 99 տոկոսը հայեր են: Չնայած Արցախի պատերազմական իրադրությանը՝ այստեղ բարգավաճում են բանկերը, խանութները, հյուրանոցները, երեխաներն էլ դպրոց են գնում»:
Այսպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած ուկրաինական «ICTV» օնլայն հեռուստաընկերության թղթակիցները մեկնաբանում են ստեփանակերտցիների առօրյան՝ պատրաստված ռեպորտաժում ներկայացնելով տեղի բնակիչների հետ ունեցած իրենց զրույցները:
«Ես հաճախ կատակում եմ՝ասելով, որ մեզ մոտ բնակչության մեկ շնչին ավելի շատ բանկ է ընկնում, քան Լոնդոնում: Այստեղ ևս կատարվում են բանկային բոլոր հնարավոր գործարքները, ինչպես ամբողջ աշխարհում, միայն թե մենք բորսա չունենք»,-ուկրաինացի լրագրողի հետ զրույցում նշում է Ստեփանակերտի բնակիչ Հասմիկ Առուշանյանը:
Ըստ լրագրողի՝ Արցախում արդեն հասունացել է մի սերունդ, որը չգիտեր ինչ է պատերազմը, սակայն վերջին շրջանում հակամարտությունը կրկին սրացել է:
Ստեփանակերտի բնակիչ, Դնեպրոպետրովսկի մշակույթի ուսումնարանն ավարտած Նարինեն, ապրիլի առաջին օրերին կոնֆլիկտի սրացման առնչությամբ, ուկրաինացի լրագրողի հետ զրույցում նշում է.
«Մենք գիտենք, որ մեր տղաները հպարտությամբ դիմակայեցին այդ մի քանի օրը, այդ ամիսը, և այսօր արդեն մենք մեզ հանգիստ ու ապահով ենք զգում: Ես կարծում եմ, որ շատերը կշարունակեն այստեղ ապրել, զարգանալ, սովորել ու ընտանիքներ կազմել»:
Լրագրողը պատմում է, որ ապրիլյան ռազմական սրացման օրերին Հայաստանից հազարավոր կամավորներ են մեկնել Լեռնային Ղարաբաղ:
«Հայաստանի բոլոր շրջաններից, գյուղերից շատերն ուղղակի փախչում էին դեպի իրենց կամավորական ջոկատներ՝ մեկն իր անձնական մեքենայով, մյուսները վարձած ավտոբուսներով գալիս էին Արցախ, ուղղակի գալիս էին ու ասում՝մենք այստեղ ենք, մեզ վրա կարող եք հույս դնել»,- նշում է Ստեփանակերտի բնակիչ Դմիտրի Բեցկովը:
Շուշիում կատարած նկարահանումների ժամանակ ուկրաինացի լրագրողը պատմում է, որ 1990-ականների սկզբներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշին մեծ վնասներ է կրել, սակայն այժմ ամեն բան իր հունով զարգանում է: Շուշիի բնակիչ Հրաչ Ստեփանյանն էլ պատմում է, որ պատերազմից առաջ ինքը բնակվել է Բաքվում, սակայն կոտորածների սկսվելուն զուգահեռ ինքը ստիպված է եղել լքել այն ու հաստատվել է Շուշիում:
«Անսպասելիորեն հարձակվում էին հայկական թաղամասերի վրա, իսկ Սումգայիթից հետո Բաքվում ևս կոտորած եղավ»,-նշում է Ստեփանյանը:
«Մենք կառուցում ենք մեր պետականությունը, ժողովրդավարական հասարակությունը, մեր տնտեսությունը: Այդ ամենը ստիպված ենք անել զրոյից, անհավանական դժվարություններով, սակայն ժողովուրդը պարտավորված է իր պետության հանդեպ»,-լրագրողի հետ զրույցում նշում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Այս հուշարձանը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Մենք ենք ու մեր սարերը», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնության խորհրդանիշներից մեկն է: Ղարաբաղցիները մեկ ցանկություն ունեն՝ ապրել առանց վախի, և որպեսզի իրենց հողի վրա տիրի խաղաղությունը»,-Արցախի հայտնի հուշարձանի մոտ այս խոսքով ավարտում է իր ռեպորտաժը ուկրաինացի լրագրողը: