ԵԱՏՄ-ն կապեր է հաստատում աֆրիկյան ինտեգրացիոն միավորումների հետ
ԵԱՏՄ-ի և աֆրիկյան ինտեգրացիոն միավորումների միջև կապերի հաստատման աշխատանքներ են սկսվել: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ռուսաստան-Աֆրիկա. սահմանների ընդլայնում» խորագրով նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
Նրա խոսքով մեկնարկել են Եվրասիական տնտեսական միության և աֆրիկյան ինտեգրացիոն միավորումների միջև «փոխգործակցության սահմանման աշխատանքները»:
Վերջինս վերոնշյալ միավորումների թվում առանձնացրել է Աֆրոմիությունը, Աֆրիկայի հարավի զարգացման միությունը, Արևելաաֆրիկյան միությունը և Հարավաֆրիկյան մաքսային միությունը:
Նրա խոսքով` վերջին տարիներին նկատվում է նաև Աֆրիկայի հետ Ռուսաստանի հարաբերությունների նշանակալի ակտիվացում:
«Մենք վստահ ենք, որ ռուս-աֆրիկյան փոխգործակցությունն ունի լավ ու երկարաժամկետ հեռանկարներ»,- նշել է փոխնախարարը։