Բոլորին հայտնի է, թե հայերը որքան տաղանդավոր են. Դիդիեր Շնոխք
Այսօր Երևանում մեկնարկեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհում մեծ հեղինակություն վայելող շուրջ 40 միջազգային երաժշտական մրցույթների (ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի, Մոնրեալի միջազգային մրցույթներ և այլն) տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Վեհաժողովի մեկնարկից առաջ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիե Շնոխքը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հայերը մշտապես մասնակցում են տարբեր ﬕջազգային մրցույթների և շատ լավ են ներկայացնում Հայաստանը: Բոլորին հայտնի է, թե հայերը որքան տաղանդավոր են»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ կարևորեց Հայաստանում վեհաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն ընդգրկվեց այդ մեծ երաժշտական ընտանիքի մեջ, որն ապահովում է միջազգային լուրջ գործընթացներ:
«Հայաստանը լինելով տարածաշրջանային միակ պետությունը, որն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցությով մտավ այդ ֆեդերացիայի մեջ, վերահաստատեց իր դասական կատարողական արվեստի բարձր որակը: Այս կազմակերպությունը մուտք գործելու համար պետք է հապատասխանել մի շարք չափանիշների, շատ հպարտ ենք, որ կարողացանք հաղթահարել այդ շեմը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ նմանատիպ վեհաժողովները բազմակողմանի խնդիրներ են լուծում:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքերով էլ շատ կարևոր են այն համագործակցության եզրերը, որոնք նախանշված են վեհաժողովում. «Միջազգային մրցույթներն ունեն իրենց պարտադիր ծրագիրը, որից մասնակիցը կարող է ընտրել, ցավոք այս պահի դրությամբ Խաչատրյանի կոնցերտներն ներառված չեն այդ հեղինակավոր մրցույթների ցանկերում: Կարծում եմ վեհաժողովը հնարավորություն կտա իրականացնել դա»:
Նշենք, որ վեհաժողովի շրջանակում այսօր՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա WFIMC-ի դափնեկիրների գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը
- Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը կկայանա Երևանում