Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից
Երևանում հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Փառատոնի կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները:
Կազմակերպիչները Panorama.am-ին տեղերացրեցին, որ փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Բացման համերգին՝ հունիսի 28-ին, ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը Գերմանիայիվ: Նա իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Հյուբերթ Քեփլը ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա): Բացման երեկոյին հանդես կգա նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:
Փառատոնային երկրորդ համերգը տեղի կունենա հունիսի 29-ին, ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը Ռուսաստանից: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում:
Հուլիսի 1-ին՝ փակման համերգին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը Բուլղարիայից:
Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:
Կազմակերպիչները համոզված են, որ երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: