Թուրքիայի հայկական համայնքը Աթեշյանի այցի վերաբերյալ դիմել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նիստը վարող ԱԺ նախագահից խնդրեց մեկ րոպե իրեն ժամանակ տալ՝ ներկայացնելու Թուրքիայի հայկական համայնքի պաշտոնական նամակը:
«Մենք, որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայությունը և ընդհանրապես, արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով թուրքական կառավարության քարոզչական մեքենայի գործիքը դարձած է:
Բողոքում ենք Աթեշյանի՝ Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ հավաքական ցանկացած հայտարարություն անել հայության անունից և այլևս ոտք չդնել մայր Աթոռ Էջմիածնի սրբազան տարածքի ներս:
Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ և նույնիսկ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքը ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքկաան պետության շահերը», -ԱԺ-ում հայկական համայնքից իրեն փոխանցած հայտարարության տեքստը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Աթեշյանը այդ փաստի առնչությամբ ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին:
«Հարգելի՛ պարոն նախագահ, առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում կատարված դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշումը առաջ է բերել մեր ափսոսանքը: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք հայտնում ենք Ձեզ մեր ափսոսանքը՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների արտահայտության:
Անընդունելի է, որ խորհրադարանը, որը ձևավորվել է գերմանացի քաղաքացիների քվեների միջոցով և պարտավոր է ընդունել իր ժողովրդի խաղաղության, բարգավաճմանն ու անվտանգությանն ուղղված օրենքներ, կարծիք է արտահայտում, անկախ այն հանգամանքից, որ այն չունի դրա իրավունքը: Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այս որոշումը ամբողջ գերմանացի ժողովրդի անունից և իրեն դատավորի դեր վերագրում»,- ասել էր Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդը իր նամակում:
Հայաստանում շատերն էին դժգոհել արքեպիսկոպոսի վարքից, սոցիալական ցանցերում մարդիկ արտահայտել էին իրենց զայրույթը՝ Աթեշյանի վարքը համարելով անընդունելի և նույնիսկ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը պատրաստվում է օրերս բողոքի այցով դիմավորել Աթեշյանին Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
- Չեմ արդարացնում Արամ արքեպիսկոպոսի նամակի բովանդակությունը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին