Թուրքիայի արդարադատության նախարարությունը չի քննարկել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մերժել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
2015 թվականի ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկությունը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Շուրջ 100 էջանոց դատական հայցը՝ հիմնված պատմական, կրոնական, քաղաքական ու օրինական տվյալների վրա, հարակից փաստաթղթերով ու վկայություններով, հստակեցնում էր Սիսի կաթողիկոսարանի պատկանելությունը, դրա դերն Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ ժողովրդի կյանքում, ներկայացնում Սահակ Բ կաթողիկոսի ու միաբանության հարկադիր հեռացումը Սիսի կաթողիկոսարանից ու դրա բռնագրավումը պետության կողմից:
Հաշվի առնելով դատի կարևորությունը` Թուրքիայի Սահմանադրական դատարանը ցանկացել էր երկրի արդարադատության նախարարության տեսակետը: Նախարարությունն, այս տարվա մայիսի 11-ին թվագրվող նամակով Սահմանադրական դատարանի իրավասություններին առնչվող մի շարք տվյալներ ու պատճառաբանություններ բերելով, մերժել է իրեն ներկայացրած դատական հայցի քննարկումը: Ապա Սահմանադրական դատարանը 15 օր ժամկետ է տվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը` պատասխանելու արդարադատության նախարարության մերժմանը:
Կիլիկիո կաթողիկոսարանի իրավական հանձնախմբի անդամները 15 օրվա ընթացքում անցկացրել են խորհրդակցություններ, քննարկումներ, պատրաստել պատասխանն ու մայիսի 26-ին փոխանցել Սահմանադրական դատարան: Կաթողիկոսարանի պատասխանում պատմական ու իրավական հստակ հիմնավորումներով ներկայացվել է Թուրքիայի արդարադատության նախարարության պատճառաբանությունների անհիմն ու հակասական լինելը, վերահաստատել Սիսի կաթողիկոսարանն իր իրավատիրոջը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը վերադարձնելու պահանջը:
Այժմ ակնկալվում է, որ արդարադատության նախարարության մերժման ու Կիլիկիո կաթողիկոսության կողմից տրված պատասխանի հիման վրա Սահմանադրական դատարանն ներկայացնի իր վճիռը:
Հիշեցնենք, որ 2015 թ. ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց եղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Հարակից հրապարակումներ`
- Կիլիկիո կաթողիկոսությունը նոր դիմում է ներկայացրել Թուրքիայի ՍԴ
- Արամ Ա. Մենք համակողմանիորեն քննարկել ենք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը
- Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը
- Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
- Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
- Պատմաբան. Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցով սկիզբ դրվեց պահանջատիրության
- Սիսի կաթողիկոսությունը կհաջողվի վերադարձնել. Արա Պապյան (տեսանյութ)
- Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատական թղթածրարը մոտակա օրերին կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան