ՀՀԿ-ում որոշել են՝ ում են առաջադրելու Վանաձորի քաղաքապետի ընտրություններում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխող Հանրապետական կուսակցությունում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետիª իրենց կուսակցության թեկնածուի հարցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում այս անգամ քաղաքապետին ուղղակի չեն ընտրի: Վանաձորցիները կընտրեն քաղաքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Այսինքն՝ քաղաքապետը կդառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը ավագանու կազմում մեծամասնություն կունենա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Իհարկե, վերջինս հավաստիացնում է, որ կուսակցությունում որոշում, որպես այդպիսին, դեռևս չի կայացվել, սակայն միևնույն ժամանակ չի էլ հերքում, որ ինքը ցանկանում է Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետը դառնալ: