Կարծում եմ, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. Արմեն Մուրադյանը՝ ԱՆ աշխատակիցների ձերբակալման մասին
«Արդեն շուրջ երկու տարի է՝ այդ գործը շարունակվում է»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Նրա խոսքերով՝ երբ այդ հարցն օրակարգ եկավ, և դիմեցին իրավապահ մարմիններին, հարուցվեց համապատասխան գործը, նաև կառավարությունը 2014թ. որոշում կայացրեց փոխել ուղեգրման ձևը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով: «Մենք դրեցինք նոր պաշտպանիչ շերտով և համարակալած ուղեգրերի նոր կարգ, որով հնարավորինս նվազեցրինք ռիսկերը»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարն ասաց, որ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և, իր կարծիքով՝ նրանք ակտիվորեն կմասնակցեն քննչական գործողություններին:
Ինչ վերաբերում է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, նախարարի գնահատմամբ՝ նա արհեստավարժ մասնագետ է. «Կարծում եմ, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի»: Արմեն Մուրադյանը նաև հայտնեց, որ իրենք չունեն որևէ միջնորդություն` նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ: Միայն նման միջնորդության և նրանց ցանկության դեպքում իրենք կարձագանքեն:
Ինչ վերաբերում է վնասի չափին, Արմեն Մուրադյանն ասաց, որ ինքը չի կարող այդ մասին որևէ բան ասել, դա պետք է պարզի քննությունը:
Հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում բացահատե՞լ է նախկին նախարարների պաշտոնավարման ընթացքում արված կոռուպցիոն գործեր, Ա.Մուրադյանը պատասխանեց. «Եթե լինեին, Դուք անպայման կտեղեկանայիք: Ես երբեք նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտելու: Մենք ուղղակի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տենդենց ունենք և դա սկսվել է 2014թ-ից»,- ասաց նա՝ հավելելով, որ ոլորտում բարեփոխումները շարունակական են լինելու:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Վերջին երկուսին հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարության աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
- Ձերբակալվել են առողջապահության նախարարության պաշտոնյաներ