«ԴիջիԹեք»-ի օրակարգում է լինելու տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրները
9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության և նաև պետական ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը: Այս տարի բիզնես ֆորումի շրջանակնում իրականացվելու են ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ 9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը կայանալու է հունիսի 17-ին Երևանում: Անցկացվում է կառավարության աջակցությամբ:
«Այս ֆորումի տարբերությունն այն է, որ մենք քննարկելու ենք լրիվ նոր իրավիճակ: Քննարկելու ենք՝ ինչպես կազմակերպել մեր նոր ռազմարդյունաբերությունը՝ հենվելով Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպես ապահովել տեխնոլոգիական և կիբեր անվտանգությունը՝ կրկին հենվելով տեխնոլոգիական ոլորտի վրա, ինչպիսի պետական միջոցներ են պետք այդ ամենն անելու համար, ինչպիսի պետական-մասնավոր համագործակցության է պետք այդ ամենն անելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկումները բերելու են նրան, որ կլինեն առաջարկություններ, որոնք կհավաքվեն, ստրատեգիական առումով ճիշտ կդասավորվեն ու կներկայացվեն կառավարությանը:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով, ապրիլյան դեպքերից հետո պետք է ուշադրության դարձվի ռազմարդյունաբերության վրա, և բիզնես ֆորումի ընթացքում հինականում հենց այդ ուղղությամբ են քննարկումները ծավալվելու, ՏՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենա ներկայացնել իրենց գաղափարները:
««Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միությունն արդեն իսկ բավականին ակտիվ զբաղվում է այդ ուղղությամբ: Ունենք մասնագետներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել, իրենց աջակցությունը ցուցաբերել ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցում»,- ասաց Ա.Եսայանը:
Ասուլիսին ներկա մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ՏՏ անվտանգության հետ կապված այսօր փաստացի հայտնվել են մի ժամանակաշրջանում, երբ որ մի կողմից ոլորտը դառնում է սպառնալիք երկրի մակարդակով, որովհետև փաստացի արդեն կիբերտարածքում կիրառվում են հարձակողական մեթոդներ, բացի այդ ժամանակն է, որ Հայաստանն էլ պատրաստ լինի նման զարգացումների:
«Ոչինչ չի ապահովագրում մեզ, որ չեն կարող հարձակվել մեր էներգոհամակարգի, բանկային համակարգի վրա: Դա կունենա բավականին լուրջ հետևանքներ»,- ասաց նա:
Ըստ Ս.Մարտիրոսյանի, ՏՏ ոլորտը ոչ միայն պաշտպանողական, այլ հարձակողական ոլորտ է, եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանն էլ կարողանա կիրառել իր «կիբերբանակը, կիբերզենքերը»՝ հաշվի առնելով հատկապես այն, որ հակառակորդն էլ կիրառում է բարձր տեխնոլոգիաներ:
Մեդիափորձագետի խոսքով, արդեն ժամանակն է, որ տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտը չպետք է դիտարկել որպես միայն գերակա ճյուղ, որն ապահովում է ՀՆԱ-ի բավականին լուրջ տոկոս, այլ ոլորտ, որ մտնում է յուրաքանչրյուրի տուն, լավացնում է կյանքը:
«Ժամանակն է, որ ՏՏ ոլորտը դառնա կարևորագույն ոլորտներից մեկը՝ զուգահեռ պետական անվտանգության ապահովման ոլորտների հետ»,- ընդգծեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին