Բենիկ Պետրոսյանի բազմաժանր ստեղծագործական համապատկերը՝ Ազգային պատկերասրահում
150 մանրաքանդակ, երեք տասնյակից ավելի հարթաքանակ և գրաֆիկական աշխատանքներ: Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին, ամբողջական պատերացում է տալիս քանդակագործի ստեղծագործական գործունեության մասին:
«Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս լիարժեք ծանոթանալ Բենիկ Պետրոսյանի արվեստին մինչև կարողանանք ստեղծել թանգարան ու մշտական ցուցադրություն կազմակերպել»,- ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բենիկ Պետրոսյանի դուստրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը:
Նրա բնորոշմամբ, Բենիկ Պետրոսյանը ստեղծել է հանճարեղ աշխատանքներ. «Այս ամենը մի մարդու հեքիաթ է, այն հեքիաթը, որ կարողացավ մեզ բոլորիս նվիրել, հնարավորություն տալ երազել, ճախրել և ժպտալ»:
Արև Պետրոսյանի ներկայացմամբ, Բենիկ Պետրոսյանն ուրախ մարդ էր, կյանքով լի, ընկերասեր, մշտապես շրջապատված էր իր ընկերներով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պատմեց, որ Բենիկ Պետրոսյանի հետ նույն բակում են ապրել. «Անսպառ էր նրա երևակայությունը: Հաճելի զրուցակից էր մեծերի համար, երեխաների համար կուռք էր դարձել: Բարի, լավ անձնավորություն էր, սարսափելի աշխատասեր: Մեծ արվեստագետ էր: Երազել կարելի է, թե ինքն արդեն ավելի հասուն ժամանակ արվեստի ինչ գործեր կստեղծեր»:
ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի խոսքով՝ միայն ժամանակն է, որ որոշում է արվեստի չափանիշը:
«20 տարի է Բենիկը մեզ հետ չէ, բայց, դիտելով նրա ստեղծագործությունները, տեսնում ենք, որ ժամանակն ավելի է հարստացրել: Նայում ենք և նորից մեր առջև տեսնում հրաշալի վարպետի, հասկանում, որ ունենք մեծ արվեստագետ»,- ասաց նա:
Բենիկ Պետրոսյանը (1939-1996 թթ.) հայ իրականության մեջ առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Բ. Պետրոսյանը 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ: 1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ունեցել է ավելի քան 60 անհատական ցուցահանդես Հայաստանում, ԽՍՀՄ-ում և արտերկրում` Ճապոնիա, Հարավսլավիա, Լատվիա, ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 1987-91թթ անընդմեջ արժանացել է միութենական «Լավագույն քանդակ» մրցանակի: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների պատկերասրահներում և անհատական հավաքածուներում:
2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում