Միչիգան նահանգը հաստատեց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ` երեկ Ներկայացուցիչների պալատի 4493 օրինագիծը՝ «Ցեղասպանության թեման կրթական ծրագրում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդը, կրթական ծրագրեր ու գնահատում» խորագրով ստորագրվել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի կողմից:
«Առաջնորդների մեր հաջորդ սերունդը պետք է միջոցներ ունենա բացահայտելու և օգնելու կանխել իրենց աշխարհասփյուռ եղբայրներին ու քույրերին սպառնացող լայնածավալ չարիքը: Միչիգանում սովորողներին ցեղասպանության մասին ուսուցանելը կարևոր է, քանի որ մենք պետք է հիշենք և տեղեկանանք մեր անցյալի այդ սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատանքներ տանել ավելի հանդուրժող հասարակություն ստեղծելու շուրջ», - հայտարարել էր Սնայդերը:
Հայոց ցեղասպանության կրթության հանձնաժողովի (AGEC), Համագումարի Միչիգան (նահանգի) տնօրեն Ջոն Ջեմյանի և ամբողջ հասարակության առաջնորդության և ջանքերի շնորհիվ Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին HB 4493 օրինագիծն այժմ օրենքի ուժ է ստացել:
«Ուրախ եմ, որ վերջապես իրագործեցինք Միչիգանում Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին այս կարևոր օրենքի ընդունումը: Այս հաջողությունը ցույց է տալիս, որ մեր համայնքի բոլոր առաջնորդների համատեղ աշխատելու դեպքում կարող ենք մեծ արդյունքների հասնել», - ասել է Ջեմյանը:
Ներկայացուցիչ Քլինթ Քեստոյի հեղինակած HB 4493 օրինագիծը փոփոխություններ է ներառում Կրթության մասին փոփոխված օրենսդրությունում և ըստ վերջինիս, Միչիգանի ավագ դպրոցներում հասարակագիտական ուսումնական ծրագրում և համապետական գնահատման ծրագրում կներառվեն ցեղասպանությունների, այդ թվում, Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը և գնահատումը: Բացի այդ, օրինագիծը Ցեղասպանության և Հոլոքոստի մասին կրթության հարցերով նահանգապետի խորհուրդը հաստատում է որպես ժամանակավոր հանձնաժողով: Նահանգապետ Սնայդերի կողմից նշանակված 15 անդամներից բաղկացած խորհուրդը կլինի խորհրդատվական և մասնավոր ֆինանսավորմամբ:
Պաշտոնական օրենսդրությամբ նշվում է. «2016-2017 թթ. ուսումնական տարեշրջանից սկսած դպրոցական շրջանի խորհուրդը կամ հանրակրթական դպրոցի տնօրենների խորհուրդը պետք է ապահովեն, դպրոցական շրջանի կամ հանրակրթական դպրոցի 8-ից 12-րդ դասարանների հասարակագիտության ուսումնական ծրագիրը ներառում է ցեղասպանության մասին դասավանդում՝տարիքի և դասարանի համապատասխան»:
Ըստ այդ օրինագծի, ընդհանուր առմամբ ցեղասպանության մասին 6 ժամյա դասավանդումը կլինի պարտադիր 8-ից 12-րդ դասարանների համար:
Բացի այդ, Միչիգանի դպրոցական խորհուրդը կաջակցի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պատշաճ կերպով հավերժացնելուն ուղղված միջոցառումներին, գործունեության և կրթության կազմակերպմանը և համակարգմանը, ինչպես, օրինակ Հայոց ցեղասպանության Միչիգանի հիշատակի օրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան