ԱՄՆ կոնգրեսականները հետ են հանձնել Բաքու կատարած այցի ընթացքում ստացած թանկ նվերները
ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր Ադրբեջանի կառավարության կողմից գաղտնի ֆինանսավորված ուղևորություն էին կատարել Բաքու, հետ են վերադարձել Բաքվում որպես նվերներ ստացած նեֆրիտե ականջօղերը, թեյի սպասքը, մետաքսե շարֆերը, գորգերը և բազում այլ նվերներ: Այս մասին գրում է «The Hill» պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ նվերների հետ հանձնումը General Services Administration (GSA)-ին տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից թանկարժեք նվերներ վերցնելը հակասում է ԱՄՆ օրենսդրությանը:
«Ընդհանուր առմամբ 9 կոնգրեսականներ և նրանց ուղեկցող անձնակազմի 32 անդամներ Ադրբեջանի կառավարությունից ստացել էին հազարավոր դոլարներ արժեցող թանկ նվերներ: Կոնգրեսականներից ոմանք նաև հետո մեկնել էին Թուրքիա և այնտեղ նույնպես թանկ նվերներ ստացել»,- գրում է պարբերականը՝ հղում անելով Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովի զեկույցին:
Մանրամասնելով՝ պարբերականը գրում է, որ ըստ դիտորդական խմբի բացահայտումների, Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը՝ 750 հազար դոլար փոխանցելով ոչ կառավարական կազմակերպությունների հաշիվներին:
«Հետ վերադարձրած նվերների թվում են նաև թանկաժեք գրիչներ, կաշվե օրագրեր, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի մասին պատմող խտասկավառակներ, մեծ և փոքր չափերի գորգեր»,- գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի, նվերները ստացած անձինք կամ դրանք պետք է անձամբ հետ վերադարձնեն նվերը տվող անձին կամ կառույցին, կամ էլ հետ հանձնեն Կոնգրեսի գործակատարին, ով այն այնուհետև տրամադրում է General Services Administration (GSA)-ին՝ պահպանության կամ վաճառքի նպատակով: