Օսկանյան. Ես գումարներ չեմ աշխատել Հայաստանում, գումարներ ու գույք դիզել Արևմուտքում
«Համախմբում կուսակցությունը նոր մշակույթ կբերի կուսակցաշինության գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց, թափանցիկ: Մենք կներգրավենք բոլորին, հատկապես երիտասարդությանը, կանանց»,-հայտարարեց Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Համախմբում» կուսակցության համագումարի ժամանակ: Նա շնորհակալություն հայտնեց՝ իրեն վստահելու և կուսակցության նախագահ ընտրելու համար:
Նրա խոստացավ ջանք չխնայել կուսակցության հիմքում դրված նպատակներին հասնելու համար:
«Մենք անկեղծ կբարձրացնենք, կխոսենք մեր խնդիրների, թերությունների, ձախողումների մասին, նաև կխոսենք երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, կառաջարկենք հստակ ծրագիր ու նպատակային լուծումներ»,-ասաց նա:
Նա նշեց, որ «Համախմբում»-ը լինելու է վերկուսակցական կառույց, համաժողովրդական շարժում: Այդ ճանապարհին, Օսկանյանի խոսքով, իրենք պատրաստ են համագործակցել անխտիր բոլորի հետ՝ ՀԿ-ների, կուսակցությունների, անհատների, «որոնք իրոք ցանկություն ունեն երկրում տեսնել իշխանափոխություն, նոր դեմքեր, նաև՝ արմատական փոփոխություններ»:
Օսկանյանն իր ելույթում անդրադարձավ երկրի առաջ առկա մարտահրավերներին՝ «պատերազմի վտանգն արդեն որորերոդ տարին է՝ մեր գլխից կախված է, տնտեսությունը լճացման մեջ է, արտագաղթը չի դադարում, խորանում է ժողովրդի հուսալքությունը»:
Նա համարում է, որ ժողովրդի բարեկեցիկ կյանք ապահովելու և հույսով լցնելու համար ընդամենը պետք է տեսլական, համարձակություն, ծրագիր ունենալ, ժողովրդի շահերը նեղ անձնական շահերից վեր դասել:
Նրա կարծիքով, Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունն այսօր շատ վտանգավոր կետում են գտնվում:
«Եթե դուք այսօր գործարարությամբ եք զբաղվում, տեսնում եք ու ձեր մաշկի վրա զգում, որ չկա հավասարություն, չկան հավասար պայմաններ: Դուք երբեք չեք կարող վստահ լինել ձեր սեփականության անձեռնմխելիության կապակցությամբ: Եթե դուք շփվում եք իշխանությունների հետ, ձեր մաշկի վրա զգում եք, որ չկա հանդուրժողականություն, չկա արդարություն, չկա նաև խոսքի ազատություն»,-ասաց նա:
Օսկանյանն անդրադարձավ քառօրյա պատերազմին, ասաց, որ դրա հետևանքով ի հայտ եկան մարտավարական ու կազմակերպչական թերացումները, սպառազինության խնդիրները:
«Մի բան ակնհայտ է, մենք պետք է ձգտենք խաղաղության՝ միշտ պատրաստ լինելով պատերազմի»,-ասաց նա, ավելացնելով, որ «ոչ խաղաղություն-ոչ պատերազմ» վիճակի երկար ձգվող պայմաններում պետք է բանակը դարձնել հասարակության էլիտար կառույցը, այն պետք է լինի տնտեսության, տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը:
«Ի տարբերություն այլոց՝ ես գումարներ չեմ աշխատել Հայաստանում, գումարներ ու գույք դիզել Արևմուտքում: Ճիշտ հակառակը՝ ես իմ ունեցած կապերը նպաստել եմ Հայաստանի զարգացմանը»,-ասաց Օսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան