Դանիայում առաջին անգամ Արցախին նվիրված միջոցառում է անցկացվում
Անկախ պետականաշինության ճանապարհին արցախցիների գրանցած հաջողություններն աննկատ չեն մնում, և վաղ թե՝ ուշ, Արցախը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ:Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպած ընդունելության ժամանակ:
Նա ներկաներին կոչ է արել աշխատել հանուն խաղաղ և կայուն հարավ-կովկասյան տարածաշրջանի տեսլականի, որը հավասարապես կապահովի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը:
Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր խոսքում կարևորել է բարեկամ Դանիայում առաջին անգամ Արցախին նվիրված միջոցառման անցկացումը: Դեսպանը նշել է, որ Արցախի անկախացումը խարսխված է ազատության հասնելու, սեփական կյանքն առանց բռնաճնշման տնօրինելու և դարերի մշակույթն ու ինքնությունը պահելու հայի աներկբա ձգտման վրա:
ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընդունելությանը ներկա են գտնվել դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ և Դանիայի հայ համայնքի անդամներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն մեկնարկել է երեկ:
Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին