Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու կասկածանքով: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Հիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ին, Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին: Վերջիններս կալանավորված են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Եղիշե Խաչատրյանը լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր:
Հարակից հրապարակումներ`
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է