Սիրիայում դեռևս 17-20 հազար հայ կա. Սարմեն Բաղդասարյան
«Մի քանի ամիս է անցել, ինչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրեց սիրիահայերի խնդիրների վերաբերյալ զեկույցը։ Ցավոք պետք է նշեմ, որ դրանից հետո Սիրիայում տիրող իրավիճակում որևէ դրական առաջընթաց չի գրանցվել, միջազգային հանրության միջնորդական ջանքերն առայժմ անարդյունավետ են»,-այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունենած սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իր զեկույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս Սիրիայի տարածքի մեկ երրորդից ավելին գտնվում է ընդդիմադիրների և ահաբեկչալան խմբավորումների ձեռքին: ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 18 մլն մարդ է ապրում, 7 մլն էլ տեղահանվել են: Պատերազմի հինգ տարիներին երկրի տնտեսությունը կրել է առնվազն 250 մլրդ դոլարի վնաս:
Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին՝ Սարմեն Բաղդասարյանը հայտնեց, որ 17-20 հազար սիրիահայ դեռևս այնտեղ են, իսկ թիվը տատանվում է ամռան ամիսներին՝ դպրոցների արձակուրդի հետ կապված բնակչության տեղաշարժով:
«Վերջին շրջանում շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվեց Հալեպի հայկական թաղամասերում, ինչի հետևանքով յոթ զոհ ունենցանք, վնասվեց հայկական ծերանոցը, եկեղեցիներ, գիտակրթական և մշակութային նշանակության շինություններ: Այս պահին զգալի է հայերի արտահոսքը Սիրիայից Լիբանան, Հայաստան, ակտիվացել է նաև Ավստրալիա արտահոսքը»,-նշեց ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետը:
Իրաքի հայկական համայնքին անդրադառնալով, նա ասաց, որ իրաքահայերի թիվն, ըստ առաքելական առաջնորդարանի, չի գերազանցում 7500-ը, նրանցից մեծ մասը բնակվում են Բաղդադում. «Այս վիճակում գտնվելով հանդերձ իրաքահայությունը երկու օր առաջ կատարեց դրամահավաք, և 50 հազար դոլար կփոխանցվի Արցախի օգնության համար»:
Նիստի ժամանակ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկանը ներկայացրեց մայիսի 19-22 տեղի ունեցած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովի արդյունքները:
«Սա միջնորդող ծրագիր է և մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որը կոչվում է «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում»: Ծրագիրը միավորում է տարբեր շահառուների, որոնք ընդգրկված են սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերում: Մեր թիրախային խմբում այն սիրիահայերն են, որոնք գտնում են, որ պետք է ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ դրանց թվում կարող են լինել արդեն բիզնես ունեցող գործարարներ, սկսնակ գործարարներ կամ ձեռնարկություններ, ինչպես նաև աշխատանք փնտրող մարդիկ՝ տարբեր ոլորտներից:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը Հալեպի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ
- Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
- Հալեպի հայկական որոշ թաղամասերի ռմբակոծություններում առկա է թուրքական ձեռագիրը. Արմեն Պետրոսյան
- Հալեպն աշխարհից օգնություն է կանչում. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան