Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում հունիսի 18-ին կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը նվիրվում է աշխարհահռչակ տենոր ` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Հիմնադրամից հայտնում են, որ ելույթ կունենան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան:
Ծրագրում`
Յ.Ս.Բախ , Գ.Ֆ.Հենդել , Վ.Ա.Մոցարտ, Ջ.Ռոսինի, Ֆ.Շուբերտ ,Գ.Ֆոռե, Ջ.Բ.Պերգոլեզի, Ֆ.Դուռանտե, Ց.Ֆռանկ, Լ.Լուցցի, Ա.Ստրադելլա, Ն.Վալենտե, Գ.Մ.Ֆեռիլլի, Ս.Ռախմանինով: