Գերմանացի պատմաբանները կարևորել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հրապարակել է Der Spiegel պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուստի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի գերմանացի պատմաբան Էրիկ Վայցի հետ հարցուպատասխանը, որտեղ պատմաբաններն անդրադարձել են Գերմանիայի պատասխանատվությանը:
Մասնավորապես` Վոլֆգանգ Գուստը կարծիք է հայտնել, որ առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում:
Գուստը նշել է, որ Ցեղասպանության տարիներին գերմանացի դիվանագետները օսմանյան կառավարությանը շատ անվնաս նամակներ էին գրում` փորձելով միայն տպավորություն ստեղծել, թե ցանկանում են հայերին օգնել: Սակայն Գերմանիայի արտգործնախարարության արձագանքն այլ էր: Այն ժամանակվա կանցլեր Բեթման Հոլվեգն այդ տարիներին ասել էր. «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահելն է, այդ ընթացքում հայերի լինել-չլինելը կարևորություն չունի»:
Էրիկ Վայցը ևս ընդգծել է, որ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանացի պաշտոնյաները, մասնավորապես` դեսպանները և հյուպատոսները շատ լավ գիտեին, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ:
Վոլֆգանգ Գուստը փաստել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք չէ աչքաթող անել նաև Թուրքիայում գերմանացի զինվորականների դերը: Կայսրության մի շարք հատվածներում նրանք անձամբ են ղեկավարել հայաբնակ շրջանների վրա իրականացվող հարձակումները:
Նյու Յորքի համալսարանի պատմաբան Վայցը կարևորել է Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևում Գերմանիայի դերակատարության հիշատակումը և նույնպես շեշտել է գերմանացի զինվորականների դերակատարությունը, որոնք եթե չեն ուղղորդել թուրքերին, ապա առնվազն անտեսել են իրագործվող հանցագործությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան