Ռուսական կողմը «Նաիրիտի» վերագործարկման խոստումներ է տալիս. «Հրապարակ»
Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝ վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել: Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես պահպանության աշխատակիցներ: Խոսակցությունները, թե գործարանը լիովին փակվելու ու բաժանվելու է 2 մասի` «Երևան» ՋԷԿ-ի և «Նաիրիտ-2»-ի միջև, իրականությանը չեն համապատասխանում։
«Որևէ բան չի վաճառվելու, որևէ բան որևէ մեկին չի տրվելու»,- տեղեկացրել են թերթի աղբյուրները:
Չնայած առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն այդ առնչությամբ խոստումներ է տալիս ու չի իրականացնում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Խաչիկ Ստամբոլցյանն էլ հիշել է, որ «Նաիրիտն» աշխատեցնելու դիմաց Ռուսաստանը լուրջ գումար էր խոստացել, որն այն օրերին պետք է գնար Ղարաբաղ, չտվեց, հետո էլ Ուկրաինայից պետք է Հայաստան շաքար առաքվեր, նույնպես չարվեց: