Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ամենուր ծաղրում են ոչ թե խաղացողներին, այլ Էրդողանին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում երեկ կայացած Իսպանիա-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 3:0 արդյունքով: Գերմանական մամուլն արձանագրել է, որ պարտությունից հետո սոցկայքերում ծաղրում են ոչ թե ֆուտբոլիստներին, այլ այդ երկրի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հումորային գրառումերը հիմնականում վերաբերում են Էրդողանի՝ Իսպանիայի նկատմամբ ձեռնարկելիք խիստ միջոցներին.
«Պարոն Էրդողանը հենց նոր հետ կանչեց Իսպանիայում Թուրքիայի դեսպանին»,-գրել է FrauZimt-ը:
«Շնորհավորում եմ, Իսպանիա: Հիանալի խաղ էր ու հաղթանակ: Բայց մտածել եք, թե ինչ է անելու Էրդողանը ձեզ»,-գրել է մեկ ուրիշը:
«Կարծում եմ, Էրդողանը կդատապարտի Իսպանիային»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր:
«Հիմա պարոն Էրդողանը արգելելո՞ւ է իսպանացիների մուտքը Թուրքիա»,-«մտահոգվել» է մեկ ուրիշը:
Նշենք, որ սոցկայքերի հայ օգտատերերն էլ հարևան երկրի նախագահի հնարավոր քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ արել էին:
«Գուշակեք ո՞վ ա վաղը Մադրիդից Անկարա կանչվելու»,-գրել էր բլոգեր Տիգրան Քոչարյանը:
«3:0... Հե՜նց նոր թուրք դեսպանը զանգեց ավիակասսա ու տոմս պատվիրեց առաջին իսկ ռեյսի համար»,-արձագանքել էր մեկ ուրիշ օգտատեր:
«Կամ էլ մարզիչին ու թիմին չի թողնի երկիր մտնեն, կհռչակի դավադիր ու դավաճան...»,-գրել էր մյուսը:
Ցանցում նաև ծաղրանկարներ են շրջանառվում.