Քամին ու անձրևները մեծ վնասներ են հասցրել Լոռու տասնյակ համայնքների
Տևական ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են Լոռու մարզի տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին հեղեղումները ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչները դիմել են մարզի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով:
Իրավիճակի քննարկման համար մարզպետարանում հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզպետ Ա. Նալբանդյանը հանձնարարականներ է տվել վարչությունների պետերին:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դ.Մանուչարյանին հանձնարարվել է շրջաբերական գրությամբ դիմել համայնքների ղեկավարներին համայնքի տարածքում հեղեղատարների, սելավատարների և գետերի հուների մաքրման աշխատանքներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորինս բացառվեն հեղեղումներն ու փլուզումները:
Քաղաքաշինության վարչության պետ Ա.Ջանազյանին հանձնարարվել է քամուց, անձրևներից և սելավներից համայնքային ճանապարհներին պատճառված վնասների վերաբերյալ համայնքներից ստացված տեղեկությունների և կատարված ուսումնասիրությունների հիման վրա մեկօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն և առաջարկություններ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ մարզային ենթակայության ճանապարհների վերաբերյալ նաև` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին:
Կարկուտի և ուժեղ քամիների հետևանքով մարզի համայնքների ցանքատարածքներին պատճառված վնասները գնահատելու նպատակով տեղերում ուսումնասիրություններ կատարելու, արդյունքների մասին զեկուցելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարական ստացավ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյան. Շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում
- Հնարավոր է կարկուտ, ամպրոպ և քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան