Ճիշտն ասած, մի քիչ վիրավորական ա. Եզդի գյուղապետը՝ համայնքների խոշորացման մասին
Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում սպասվում է նաև 3-րդ փուլ, որն առնչվելու է Արագածոտնի մարզին: Ազգային ժողովի արտահերթ նիստում, հիշեցնենք, օրերս ընդունվեց Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերին առնչվող օրենսդրական փոփոխությունը:
Այժմ ծրագրվում է Արագածոտնի մարզում ստեղծել երկու խոշորացված կենտրոն, որոնցից մեկի մեջ ընդգրկվելու են եզդիական 10 համայքններ և 1 հայկական գյուղ՝ Մելիքգյուղը:
Ալագյազ գյուղի շուրջ, ըստ ծրագրի, կմիավորվեն եզդիներով ու քրդերով բնակեցված Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ռիաթազա, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի և հայերով բնակեցված Մելիքգյուղը:
Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենց գյուղը, որն ունի 1400 բնակչություն, ընդգրկել էին խոշորացման ծրագրում, սակայն կառավարությունից նրանց փոխանցել են, որ առայժմ Մելիքգյուղը խոշորացման ծրագրում չի ընդգրկվի:
«Բողոքել եմ, դիմել եմ կառավարություն, ասեցին, որ Մելիքգյուղը դեռ կմնա չեզոք: Մեր համայնքը պետությունից ոչ մի խնդրելու բան էլ չունի, մենք կարանք մեր պայմանները ստեղծենք: Հանքավայրեր ունենք, եթե շահագործվի, օգուտներ կստանանք, ֆինանս կունենանք», -ասաց Մկրտչյանը:
Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ համայնքների խոշորացումը համայնքների համաչափ զարգացման ծրագիր է ու «եթե ճիշտ օգտագործվի, լավ կլինի»:
Ինչ վերաբերում է ազգությամբ եզդիներով բնակեցված տարածքների բաժանմանը, Մհոյանն ասաց, որ իր կարծիքով դա վիրավորական է:
«Ճիշտն ասած, մի քիչ վիրավորական ա, ինչի՞ են մեզ անջատում: Ես առանձին որպես եզդիական միավոր չեմ ընդունում, բոլորին էլ ասել եմ էդ մասին, բոլոր էդ 11 համայնքների ղեկավարներն էլ դեմ են, որ եզդիականը առանձին լինի: Ի՞նչ տարբերություն եզդիակա՞ն է, թե՞ հայկական», -ասաց Մհոյանը:
Իսկ հայկական գյուղերի հետ միավորվելուն իրենք դեմ չեն. «Մենք խնդիր չենք տեսնում, որ խնդիր տեսնեինք, ցավդ տանեմ, հիմա ստեղ գործ չէինք ունենա, կթողնեինք, կգնայինք: Սա մեր սրբավայրն ա, մենք մեր եղբայրների հետ հավասար ապրում ենք: Չենք էլ զգում, որ օտար ազգ ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ախր ի՞նչ խղճով եք 3000, 4000 բնակիչ ունեցող համայնքները տանում խոշորացման. Արամ Մանուկյան
- Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը
- Համայնքների խոշորացման ծրագրերի պատճառով մարզերում բունտ է հասունանում. ՀԺ
- Լոքյան. Համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին