Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ» շարժման գրասենյակում խուզարկություն է կատարվել, որի ժամանակ իրավապահներն իրենց հետ տարել են համակարգիչներ, խունացած, հին փաստաթղթեր, դաշտայի քարտեզներ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Միևնույն ժամանակ նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը ձերբակալվել է: «Մեր խմբից ձերբակալվել է միայն պարոն Սեֆիլյանը», -փոխանցեց պարոն Ավետիսյանը:
Մեր հարցին, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալե՞լ են նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներո՞ւմ, Ավետիսյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ երկու հոգու ձերբակալել են զենք-զինամթերք փոխադրելու համար և այդ գործով խուզարկություն են անցկացնում՝ գրասենյակում զենք զինամթերք կամ դրան առնչվող իրեր, պարագաներ հայտնաբերելու նպատակով: Հենց խուզարկության սկզբին պարոն Սեֆիլյանին ձերբակալել են: Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»:
Մեր մյուս հարցին, թե ձերբակալված երկու անձինք, արդյոք շարժման անդամնե՞ր են, Ավետիսյանը պատասխանեց կարճ՝ ոչ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները, պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:
Ըստ աղբյուրի, հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենքք-զինամթերք պահելը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես. ըստ պաշտոնական աղբյուրի՝ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, քննչական կոմիտեի պնդմամբ, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան