Գ. Արշակյան. Աթեշյանն իր քայլով ապացուցեց, որ հայությունն այսօր էլ սարսափած է ապրում
Տարածաշրջանային հարցերով փորձագետ- վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցուցադրեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էջմիածնում գտնվող տան լուսանկարները, դրա առք ու վաճառքի պայմանագիրը:
«Սա ընդամենը նրա ունեցած մեկ տան փաստն է, Աբովյան քաղաքում ավելի մեծ կալվածքներ ունի: Մոսկվայում բիզնեսներ ունի, Ստամբուլի ամենաթանկանոց թաղամասում անշարժ գույք ունի: Հայ հոգևորականը պետք է հոգևոր ծառայություն մատուցի իր ժողովրդին, ոչ ոք չի հարցնում որտեղից այս ամբողջը»,- ասաց Հացպանյանը:
Նրա կարծիքով, եթե Աթեշյանն ինքնակամ չհրաժարվի իր «բռնազավթած» աթոռից և թույլ չտա՝ Կոստանդնուպոլսում տեղի ունենան պատրիարքի ընտրություններ, ուրեմն «մենք իրոք շատ մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնելու, քանի որ Թուրքիան իր խաղն առաջ է տանելու նրա միջոցով»:
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ հանրային նախաձեռնության անդամների Գոհար Արշակյանն ասաց, որ նախաձեռնության կողմնակիցները շատ են:
«Աթեշյանն իր այդ քայլով ոչ միայն պղծեց 1.5 մլն զոհերի, մարտիրոսվածների հիշատակը, այլև մեզ ողջ-ողջ թաղեց, բառեր չեմ գտնում որակելու այդ արարքը: Դուք ի՞նչ իրավունքով եք նման բան հայտարարում Կոստանդնուպոլսի հայերի անունից: Նա պատասխան պետք է տա իր հայտարարության համար, մեր նպատակն է, որ նա չմտնի Հայաստան»,-ասաց նա:
Գ. Արշակյանի խոսքով, Աթեշյանն իր այս քայլով ապացուցեց, որ հայությունն այսօր էլ սարսափած է ապրում, Թուրքիան ոչ եղել է, ոչ էլ կդառնա ժողովրդավարական երկիր:
Նախաձեռնության անդամի խոսքով, Սուրբ Էջմիածինը թաքուն է պահում Աթեշյանի ժամանման մանրամասները: Եթե Աթեշյանին հաջողվի գաղտնի պայմաններում հասնել Մայր աթոռ, ապա Արշակյանի խոսքով՝ իրենք բողոքի միջոցառումներից զերծ կմնան:
«Հռոմի Պապը եթե այնտեղ եղավ, դժվար թե մենք նման քայլերի գնանք, մի ծախու լրատվական էլ կարող է ցույց տալ, որ Հայաստանում բողոքի ակցիայով դիմավորեցին Պապին»,-ասաց նա:
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնության անդամները նամակներ են հղել Գարեգին Բ-ին, Արամ Ա-ին:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը Աթեշյանի հայտարարությունը դավաճանական քայլ է համարում
- Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ
- Թուրքիայի հայկական համայնքը Աթեշյանի այցի վերաբերյալ դիմել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
- Շավարշ Քոչարյանը՝ Աթեշյանի նամակի մասին
- Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին